«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել է վաճառել պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի այսպես կոչված ուսումնական կենտրոնը:

Խոսքը այն տխրահռչակ ու գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում:

«Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված այդ խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, և դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր: Բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այդ օբյեկտի շինարարության, ներքին հարդարման, կոմունիկացիաների, սպասքի և այլնի համար ՊԵԿ-ը աստղաբաշխական գումարներ է ծախսում և ձեռք է բերում հնարավորինս ամենաճոխ նյութերն ու սարքավորումները:

Ձեռք էին բերվում գերթանկարժեք բրենդային մոխրամաններ, օճառամաններ, սպասք, սիգարներ կտրելու սարքեր, սանտեխնիկա, վարագույրներ, կահույք և այլն:

Թե վերջնական հաշվարկներով որքան գումար ծախսեց բյուջեն այդ օբյեկտի վրա, այդպես էլ անհայտ մնաց: Բայց հատկապես այս տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակական բողոքի ալիք բարձրացավ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման և բանակի թերզինվածության առթիվ, արդեն գրեթե պատրաստ օբյեկտի շինարարության ֆինանսավորումը ըստ էության դադարեցվեց:

Ըստ որոշ հաշվարկների, օբյեկտի շինարարությունը ավարտելու համար կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար: Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այն վաճառել 42 միլիոն դոլարով: Ըստ լուրերի՝ այդ օբյեկտը գնելու առաջարկ է արվել գործարար Ռուբեն Վարդանյանին, սակայն նա հրաժարվել է: Կառավարության կուլիսներում կես կատակ- կես լուրջ ասում են, որ եթե գնորդ չգտնվի, «ուսումնական կենտրոնը» պետք է «կամավոր-պարտադիր» պայմանով վաճառվի դրա կառուցման գաղափարի հեղինակին` Գագիկ Խաչատրյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: