«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում անցած ՀԱՊԿ միջոցառումների գլխավոր արդյունքն այն չէր, որ մեր երկրի ներկայացուցիչն այդպես էլ չդարձավ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Ոչ էլ այն էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխով» հիվանդացավ։ Դրանք մանրուքներ էին։ Ի՞նչ պիտի աներ հայ գեներալը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում, երբ այդ կազմակերպությունը կոչված է բացառապես սպասարկելու Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը։ Կարևորն այստեղ հենց այդ շահերն են, որոնք, ցավոք, այս պահին կտրուկ հակադրվում են Միացյալ Նահանգների շահերին։

Երևանում «ահաբեկչական կազմակերպությունների» ցանկի հաստատումն այդ հակասությունների դրսևորումներից մեկն է։ Եվ խոսքն այստեղ, ինչպես հասկանում եք, ոչ թե Եվրասիական տարածաշրջանի, այլ Սիրիայի մասին է, որտեղ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գրեթե պատերազմում են միմյանց դեմ։ Հենց այդ հողի վրա էլ առաջանում է «ահաբեկչության» եզրի, մեղմ ասած, տարընթերցումը։

Ռուսաստանի համար Ասադի դեմ կռվող զինված ապստամբներն ահաբեկիչներ են, իսկ Միացյալ Նահանգների համար՝ «ընդդիմադիրներ»: Իշխանության դեմ զինված պայքարն, անշուշտ, պարտադիր չէ, որ լինի ահաբեկչություն: Մյուս կողմից՝ ընդդիմությունն, ինձ թվում է, չի կարող զինված լինել:

Խփե՞լ, թե չխփել «ընդդիմադիրներին» կամ «ահաբեկիչներին»՝ ահա սա է երկու տերությունների տարաձայնության հիմքը, որովհետև ռուսները հովանավորում են Ասադին, իսկ ամերիկացիները՝ «կալաշնիկով» և հրետանի ունեցող «ընդդիմադիրներին»։

Եվ ահա այս վեճին Ռուսաստանը մասնակից է դարձնում ևս չորս երկրների, մասնավորապես՝ Հայաստանին, որը բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ Սիրիայում բազմահազարանոց հայ համայնք ունենալու պատճառով ավելի լավ է՝ չեզոք դիրք զբաղեցներ։ Բայց ոչ՝ մենք հայտնվել ենք «ռուսական դաշինքում» և մեր բախտակիցների հետ միասին պարտադրված ենք ստորագրել Ռուսաստանի դեմ տված «ահաբեկչական խմբերի ցուցակները»։

Իդեալական կլիներ ընդհանրապես չմտնել օտար խաղերի մեջ։ Բայց քանի որ դա գործնականում հնարավոր չէ, պետք է գոնե, խաղի մեջ մտնելով, ինչ-որ օգուտներ քաղել։ Ահա այդ օգուտներն են, որ չեն երևում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: