Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի վիճակը ծանր կայուն է՝ շատ փոքր դրական տեղաշարժով։

Ինչպես տեղեկանում ենք, դրականն այն է, որ վիճակը չի վատթարացել, սակայն Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Տղայի նշանածը հայտնել է, որ ամեն ինչ իրենից է կախված:

Իչպես Tert.am-ին պատմել է Լևոնի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը՝ «Ամիսներ շարունակ չի վճարել և՛ իմ աշխատավարձը, և՛ մնացածի, ու խոստացել է, որ կտա: Լևոնը մեկ անգամ խոսել է իր հետ, վերջինս տղամարդու խոսք է տվել, որ կտա գումարը երկու ամիս հետո: Դեպքի նախորդ օրը Լևոնը կրկին զանգում է Վահան Ղազարյանին ու նա դեպքի օրը ուշ երեկոյան է հետ զանգում ու Լևոնին ասում, թե արի գումարը վերցրու: Լևոնն էլ առանց հետին մտքի գնում է գրասենյակ՝ գումարը վերցնելու: Ես իրեն զգուշացնում էի, որ վտանգավոր մարդ է, բոլորն էին իրեն ասում՝ Լևոն պետք չի էդ գումարը, մի գնա հարցեր պարզելու, բայց ինքը ոչ մեկիս չի ասել ու գնացել ա, թե՝ տղամարդու խոսք ես տվել, պիտի տաս: Վահանն էլ բռունցքով ու դանակով հարձակվում է: Ես ոնց հասկացա, Վահան Ղազարյանը դա ծրագրել էր, որովհետև աշխատակիցներին տուն է ուղարկել, որ մենակ մնա Լևոնի հետ: Դա պոռթկում չի եղել, ինքը ծրագրել է դա՝ Լևոնի պահանջի դիմաց: Լևոնն առանց մտածելու գնացել է ու արդյունքում պայքարում է իր կյանքի համար»,- ասաց Հերիքնազը՝ հավելելով, որ դեպքի մասին իմացել է Լևոնի հարազատներից. «Լևոնի մայրն է զանգել՝ ասել, որ Լևոնին Վահանը դանակահարել է, ու մինչև հիմա մենք իրեն չենք տեսել»:  

22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին է և Սևան քաղաքի բնակիչ:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։