Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան չվերթներից՝ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր գնի պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը:

«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան թռիչքներից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր արժեքի պատճառով: «Զվարթնոցում» այն մեկ մարդու համար կազմում է 50 եվրո՝ ավելին, քան մեր սակագինը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ միջինն օդանավակայանի սպասարկման համար «Պոբեդա»-ի արտասահմանյան երթուղիների ցանցի սակագինը կազմում է մեկ մարդու համար 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում այն նույնիսկ անվճար է:

Շաբաթական չորս անգամ Դոնի Ռոստով- Երևան կանոնավոր չվերթների թույլտվությունը «Պոբեդա»-ն ստացել է հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:

Բացի այդ, հոկտեմբերին հաղորդվել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ, դեպի Գյումրի չվերթների իրականացման թույլտվություն է ստացել: