«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:

Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես էր ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:

Իսկ թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: