ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում չի գրել։

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այս պահին պարոն Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել, բայց ես մեկ անգամ ասել եմ, որ վարչապետը, եթե նույնիսկ գրի, ապա մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, այդ թիմի ղեկավարը պարոն Նախագահն է»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ եթե մինչև ՀՀԿ-ի համագումարը նոր զարգացումներ լինեն՝ անպայման կտեղեկացնի:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ համագումարին քննարկվի նոր վարչապետի թեկնածության հարցը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ վարչապետի թեկնածության մասին ՀՀԿ-ն կարող է խոսել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հաջողություն գրանցելու դեպքում. «Ապրիլյան ընտրություններից հետո, եթե մենք հասնենք հաջողության, այն ժամանակ կմտածենք, թե ում թեկնածությունը կառաջադրենք»: