Նոյեմբերի 3-ին կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնեց իր ծննդյան 75-րդ հոբելյանը: Սիրված դերասանուհին իր տարեդարձը նշում էր հարազատների շրջապատում՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 

Երեկոյին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան, Ժան Նշանյանը, Գուժ Մանուկյանը, Շաքե Թուխմանյան, Հրաչյա Հարությունյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Արմեն Մարության, Ալլա Վարդանյան, Արթուր Ութմազյան, Ֆորշը և շատ ուրիշներ:

«Այն դերերը, որոնք ինձ տրվել են, ես հաճույքով եմ խաղացել: Արտիստի համար ամենակարևորն այն է, որ պահանջված լինի բոլոր տարիներին, և ես դրա պակասը չեմ զգացել: 75 տարիները ինձ և՛ ուրախացնում է, և՛ տխրեցնում. այդ տարիները եղել են երջանիկ տարիներ, չնայած որ ունեցել եմ նաև տխրելու առիթներ: 75-ը այն թիվն է, երբ դու հասկանում ես, որ շատ կեսն անցել է, մնացել է արդեն քիչ կեսը: Եվ այդ փաստը տխրեցնում է»,- լրագրողների հետ զրույցում պատմեց նա:

Տարիներն անզոր են, երբ կա ներքին, առեղծվածային հմայք և գեղեցկություն, որոնք ակնհայտ են դառնում, երբ նայում ես չքնաղ դերասանուհու աչքերին: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև այս մասին. «Շատերն են ինձ այդ հարցը տվել՝ «ո՞րն է քո գեղեցկության գաղտնիքը», բայց ես իսկապես չգիտեմ, պարզապես կասեմ, որ հոգում ոչ մի վատ բան չպահել, ուրախանալ յուրաքանչյուր օրով, ընդունել այն ինչ տալիս է յուրաքանչյուր բացվող առավոտը, լինել բարի ու չարություն չունենալ սրտում»:

Բազմաթիվ հյուրերից յուրաքանչյուրը բարձրանալով բեմ «սիրո խոստովանություն» արեց դերասանուհուն: Նրան ամենաջերմ խոսքերը հղեցին սիրելիները, հարազատներն ու ընկերները: 

Նշենք, որ միջոցառմանը Էվելինա Շահիրյանը թատերարվեստի ոլորտում նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարի կողմից պարգևատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ «Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով»: Ինչպես նաև դերասանուհուն շնորհվեց Երևանի քաղաքապետարանի Ոսկե մեդալ: