Բոյկոտը քաղաքական պայքարի ձև է, նորմալ եմ վերաբերվում, չեմ ուզում մեկնաբանել այլ քաղաքական ուժերի որոշումը։ Վանաձորում լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ավագանու այսօրվա արտահերթի նիստին, որը չկայացավ՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների բոյկոտի պատճառով։

«Այդ մարդիկ այսօր այստեղ չեն, դա իրենց խնդիրն է, դա իրենց հայտարարությունների, քաղաքական ուժերի որոշումների արդյունքն է»,- մանրամասնեց Մամիկոն Ասլանյանը։

Անդրադառնալով հարցին, թե իրեն քաղաքապետ դառնալու համար աջակցել է 19 ավագանու անդամ, ապա ինչո՞ւ իր օգտին բոլոր քվեարկողները արտահերթ նիստին չեն մասնակցել։ Մամիկոն Ասլանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե բացի ՀՀԿ-ականներից իր օգտին այլ քվեարկողներն ովքեր են եղել, և չի կարող մեկնաբանել, թե ինչու նրանք չեն եկել։

«Այնքան ժամանակ այս վիճակը կարող է շարունակվել, որքան որ Վանաձորը պատրաստ է դիմանալ առանց բյուջեի, առանց քաղաքապետարանի աշխատակազմի, ապրել առանց զարգացման ծրագրի ու ձնամաքրման աշխատանքների»,- ասեց քաղաքապետը: