Արցախցի լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարի՝ Լևոն Ալթունյանի՝ «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը» հայտարարությանը:

«Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել …

իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցյալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,-հարցին պատասխանել է ՀՀ վարչապետը, ու ավելացրել, որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը անձամբ չի կարդացել, սակայն նրա այդ խոսքերի մասին տեղեկանալուն պես՝ առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում: