Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կընդունի մահացած երեք ծննդկանների հարազատներին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանը, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,– գրել է նա։

Անահիտ Հայթայանը նաև տեղեկացրել է, որ նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։

Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։

Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21-­ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ­–ում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։

Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում»,– տեղեկացրել է Անահիտ Հայթայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ է պատրաստվում նախարարն անել հիվանդանոցներում ծննդկանների մահացությունների դեպքերի առիթով, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, նախարարն ասել էր, թե ինքը մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները»։

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները... Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»,– ասել էր Լևոն Ալթունյանը: