ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա. Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: