Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:

Հարցը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ՝ պաշտպանության ապահովման քաղաքականություն:

Առաջարկի համաձայն, անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար կվճարի ամսական 1000 դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն փոխանցել ավելին, նման հնարավորություն ունեն: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու, այն կառավարելու համար առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները:

Խորհրդում ներկայացված են լինելու երեքական ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարությունից ու քաղաքացիական հասարակությունից:

«Դուք գիտեք, որ թեև Հայաստանում կա գործազրկության բավական բարձր տոկոս, մենք ունենք լայն հնարավորություններ պայմանագրային ծառայության Զինված ուժերում: Հաճախ, երբ խոսում ենք այդ մասին, հնչում է պարզ հարց՝ ի՞նչ է լինելու իմ ընտանիքի հետ, եթե ինձ հետ մի բան պատահի, ո՞վ է կանգնելու իմ ընտանիքի կողքին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Ըստ նախարարի՝ նման քաղաքականությամբ հանրությունը պատասխանում է, որ բոլորս ենք կանգնում զինվորի կողքին, որովհետև երկրի անվտանգությունը բոլորիս խնդիրն է:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ ինքը ծանոթ է սոցիալական ցանցերում տարածված մտահոգություններին, թե գումարը փոխանցվելու է որևէ հիմնադրամի՝ նշելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման շուրջ էլ նման զրույցներ եղան, ուստի իրենք չեն անտեսել այդ հարցը օրենքի նախագծի մշակման ժամանակ:

«Բոլոր միջոցները մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե և միայն բյուջեից են ուղղորդվում հիմնադրամ: Սա արվում է նրա համար, որ գումարը պետբյուջեի հաշվին մեծանա, հետո փոխանցվի հիմնադրամին»,- նշեց Պնախարարը:

Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ ինքը շատ կցանկանար, որ Հայաստանը նման օրենքի անհրաժեշտություն չունենար, բայց շեշտեց, որ մենք պատերազմող երկիր ենք, ուստի հարկավոր է որակապես նոր մակարդակի քաղաքականություն հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առաջնագծում լուծում են լինել-չլինելու, անվտանգության հարցերը:

«Եթե, Աստված տա, այս գումարները պետք չլինեն, խորհուրդը որոշում կարող է կայացնել ու դրանք տրամադրել նախորդ տարիներին հաշմանդամություն ստացած կամ զոհված զինվորներին»,- մանրամասնեց Պաշտպանության նախարարը:

Սարգսյանի դիտարկմամբ, կա նաև սկզբունքային հարց՝ արդյոք արդա՞ր է, որ բոլորը վճարում են նույն գումարը: Այս առումով նախարարն ասաց, որ 1000 դրամը նվազագույն շեմ է և շեշտեց, որ նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, այս գումարները չեն վճարելու:

«Սա սոցիալական խավին ուղված, բայց պաշտպանական բնույթի քաղաքականություն է: Այո, սա ազգ-բանակ գաղափարախոսության վա հիմնված քաղաքականություն է, որ բոլորս մեր աշխատավարձից լրացուցիչ, առանձին տողով մտածում ենք մեր զինվորի մասին: Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել ամուր երկրում»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը հավանությանն է տվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հատուցման մասին հարցը: