Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը նախորդ դատական նիստի ավարտին հրաժարվել էր իր պաշտպանից` Մարինե Ֆարմանյանից, դատարանում հայտարարելով, որ իր շահերը կպաշտպանի ինքնուրույն:

Դատական նիստին Մուշեղ Մխիթարյանի համաձայնությամբ հրապարակվեց գործով առանցքային վկա համարվող Աննա Միսակյանի ցուցմունքը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես է Մուշեղ Մխիթարյանը ձեռնոցներ գնել, որպեսզի հետքեր չթողնի և վկայի խոսքով՝ կատարել սպանությունը. «Զանգում էր տարբեր մարդկանց: Ընկերներից մեկին էլ ասաց, որ սպանել է իր սիրուհիներից մեկին և ցանկանում է հետքերը վերացնել: Մուշեղ Մխիթարյանի հետ գնացել ենք Խարբերդի գերեզմանոց, ճանապարհին նա այրեց Անիի շորերը, իսկ տան բանալիները թաղեց հղի մեջ»:

Այնուհետև, ըստ ցուցմունքի, Մուշեղ Մխիթարյանն Աննա Միսակյանի հետ պայմանավորվել է, որ եթե զանգի և ասի՝ «լավ է», ուրեմն ոստիկաններն չեն գնացել իր ետևից, իսկ եթե ասի՝ «վատ է», ուրեմն գնացել են:

Բացի այդ, վկան իր ցուցմունքում նշել էր, որ Մուշեղ Մխիթարյանն իր մոտ է պահել Անի Մաջնունյանի երկու հեռախոսի մարտկոցները, իսկ հեռախոսները տվել է իրեն և ասել է, որ դրանք թաքցնի:

Վկայի հետ առերեսման ժամանակ վկայի ցուցմունքին ծանոթանալուց հետո Մուշեղ Մխիթարյանն ասել է, որ Աննա Միսակյանի ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, իսկ ինքը ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Այսօր ևս, Մուշեղ Մխիթարյանը կրկնեց, որ Աննա Միսակյանի ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը. «Աննա Միսակյանը մի քանի ցուցմունք է տվել, և մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի»:

Դատարանը պատրաստվում էր ներկայացնել դեպքի վայրի զննության արձանագրությունը, սակայն անընթեռնելի ձեռագրի պատճառով հայտարարվեց ընդմիջում, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն արձանագրությունն ամբողջությամբ և ճիշտ ընթերցելու:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։

Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ. Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա. Մաջնունյանի մահվան։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա. Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ. Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։