Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս․ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հավատավոր հայոց հոտի անունից շնորհավորելով Կիրիլ Պատրիարքին ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան փոխանցել է իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները՝ քաջառողջություն և Հովվապետության բեղուն տարիներ մաղթելով Նորին Սրբությանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Կիրիլ Պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ ողջ քրիստոնյա աշխարհի։

Ամենայն Հայոց Հայրապետը մեծապես կարևորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի Քույր Եկեղեցիներին և աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը՝ մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին։

Նորին Սրբությունը այս իմաստով գոհունակություն է հայտնել նաև, որ Ռուս Եկեղեցու Հովվապետի ուշադրությունից անմասն չէ նաև Այսրկովկասի տարածաշրջանը՝ առանձնակի գնահատելով Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերը տարածշրջանում խաղաղության վերահաստատման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձել է նաև երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերի և գործակցությանը՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Ներկա աշխարհի իրողությունների առջև կարևորվել է ջանքերի համատեղման և գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը՝ դիմագրավելու Եկեղեցիների և ժողովուրդների առջև ծառացած տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի հայոց թեմերի և տեղի հայության հանդեպ մշտապես ցուցաբերվող հոգևոր խնամքի և հայրական հոգածության համար իր մասնավոր շնորհակալությունն է հայտնել Կիրիլ Պատրիարքին:

Իր հերթին ողջունելով Նորին Սրբությանը և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Նորին Սրբության համար հատկանշական հոբելյանի այս օրերին իր ներկայության և բերած մասնակցության համար։

Կիրիլ Պատրիարքը գոհունակությամբ նշել է, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ և պտղաբերել։ Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների և թե´ հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագային շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։