ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղական արտադրության երշիկների փորձաքննություն է անցկացրել։

Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՊԾ լրատվական ծառայությունից։

Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ:

Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

«Աթենք» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության բժշկական «Ընտանեկան» երշիկի և «Աթենք» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: