«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ մենք թուրքական բանջարեղենի ներմուծման դեմ պայքար ենք տանում: Մեզ հաջողվում է խնդիրը լուծել ժամանակավոր, սակայն ապօրինի ներմուծման դեպքերը պարբերաբար կրկնվում են»: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը:

Նրա խոսքերով, երբ գալիս է ջերմոցների ջեռուցման սեզոնը, երբ գյուղացին մտածում է ինչպես ծածկել գազի օգտագործման հետևանքով առաջացած պարտավորությունները, սկսվում է թուրքական բանջարեղենի ապօրինի ներմուծումը:

«Երևի շատերը չգիտեն, բայց ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայից ներմուծվում է մեխակ ծաղիկը, որը մենք տանում դնում ենք Եղեռնի զոհերի հիշատակին: Նույնը այս լոլիկի և վարունգի հարցն է: Չորս օր առաջ ինձ դիմեցին ֆերմերները՝ ասելով, որ շուկայում կրկին լցվել է թուրքական լոլիկը, իրենք չեն կարողանում փակել ծախսերը, վարկերը և այլն: Մի խայտառակ վիճակ է: Երեկ ես եղել եմ շուկայում և տեսել եմ թուրքական բանջարեղենները, իրենց արկղերով ու շատ էժան»,- մանրամասնեց նա:

Պողոս Գևորգյանը ուշագրավ փաստ ներկայացրեց. ըստ նրա՝ ՀՀ լոլիկի մեկ կգ ներմուծման հարկը կազմում է նշված ապրանքի 32 տոկոսը, ինչը կազմում է մոտ 507 դրամ: «Բայց մենք երեկ եղել ենք շուկայում և 500 դրամով լոլիկ էին վաճառում, 400 դրամով վարունգ: Ինչպե՞ս... հարց է առաջանում: Իրենց ապրանքը նվե՞ր են տվել Թուրքիայում, մինչև Հայաստան անվճա՞ր է եկել, 507 դրամը մուծե՞լ են տուրք ու վաճառում են 500 դրամո՞վ: Այստեղից պարզ է դառնում, որ ոչ ոք ոչ մի տեղ էլ ոչ մի բան չի մուծել»,- ասաց նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք որ ընկերությունն է ներմուծում, պարոն Գևորգյանն ասաց. «ոչ մի ընկերություն էլ չկա, ով պատահի ներմուծում է: Ֆուռերով բերում են, փոքր ֆորդերի և այլ մեքենաների միջոցով ներկրում: Մեքենաների վերևում մանդարին է դրված, մանդարինը մաքսազերծում են, իսկ մնացածը՝ ոչ»:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության անդամ ու ջերմոցային տնտեսության ֆերմեր Գագիկ Բաբախանը, ով սեփական մաշկի վրա է զգում այս խնդրի ազդեցությունը:

«Ստեղծված անհավասար պայմանները շարունակվում են մինչ այսօր, չնայած դրանք վերացնելու միտում կա: Ստացվում է, որ ջերմոցային տնտեսության հայ ֆերմերը, թանկ գազ օգտագործելով, տանջանքով, չարչարանքով, վարկային ծանր պարտավորությունների տակ ստեղծում է լոլիկ կամ վարունգ, շուկայում փորձում է մի երկու կոպեկ աշխատել ու այդ գումարով փակի իր վարկերը, կատարած ծախսերը, գազի ծախսը, որն ընդհանուրի մեջ կազմում է մոտ 85 տոկոս, դեռ հարց է իրեն ինչ-որ բան կմնա թե՞ ոչ, բայց հանկարծ Թուրքիայից բերում են, լցնում շուկան ու սկսվում են անհավասար պայմանները: Այստեղ ուրիշ հարց էլ կա. այդ լոլիկները մեկ ամիս ճանապարհ են անցնում մինչև Հայաստան հասնելը, այդ ի՞նչ եղանակով են գալիս, որ մեկ ամիս անց նայում ես քեֆդ գալիս է: Թող տանեն փորձաքննության մեր ու թուրքական լոլիկները, վերջապես մենք, մեր ընտանիքները դրանք օգտագործում են»:

Ըստ նրա, այստեղ իրացված բանջարեղենից գոյացված գումարները ուղղվում են Թուրքիա, այնուհետև Ադրբեջան, որը արդյունքում վերածվում է զենքի և կրակում մեր զինվորների վրա: Նա նշում է, որ Թուրքիայի ներկրված լոլիկները անգամ Ռուսաստան են փորձել արտահանել:

Պողոս Գևորգյանը նշեց նաև, որ ինքն անձամբ է տեղեկացրել նորանշանակ գյուղնախարարին, ով խոստացել է զբաղվել այս հարցով: