«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը մոտ 800-ով: Արդեն անցել է 5 ամիս, սակայն կրճատված մեքենաների մեծ մասն աճուրդային կարգով չի վաճառվում: Պաշտոնական հրապարակումներից Armtimes.com-ն առանձնացրել է մի շարք մեքենաների աճուրդների չկայացած լինելու փաստերը:

Օրինակ՝ ՀՀ ոստիկանությանն ամրացված և հետագայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին փոխանցված և օտարման ենթակա գույքի ցանկում առկա 34 ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 5-ը:

Վաճառված մեքենաներն են՝ «ՎԱԶ 21213», «ՈՒԱԶ-31514», «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121», «ԿԱՎԶ-3271»:

Այս մեքենաներից «ամենատարեցը» արտադրված է 1991 թվականին: Այսինքն՝ 25 տարեկան է: Կա նաև 2003 թվականի արտադրության մեքենա վաճառվածների մեջ: Մեքենաներից 2-ը վաճառվել են սեպտեմբերին, երկուսը՝ հոկտեմբերին և մեկը՝ նոյեմբերին: Սա էլ փաստում է, որ այդ մեքենաներն այնքան անպիտան են և անպիտան լինելով թանկ, որ որևէ գնորդի չի գրավել այդ աճուրդը:

Ասվածի ապացույց կարող ենք նշել աճուրդի հանված ընդամենը մեկ մեքենա (մյուսները չնչին տարբերությամբ են վաճառքի հանվել): Օրինակ՝ «ՎԱԶ 21061» (պետհամարանիշը՝ 045 ՈՍ 07) ավտոմեքենան սեպտեմբերի 19-ին աճուրդի է հանվել օգոստոսի 18-ին գնահատված 15 հազար դրամ մեկնարկային գնով, այն չի վաճառվել աճուրդում, կրկին աճուրդի է հանվել է հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկային 12 հազար դրամ գնով, հոկտեմբերի 19-ին՝ 9600 դրամով, նոյեմբերի 3-ին 7680 դրամով, նոյեմբերի 18-ին արդեն 6144 դրամով, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվող աճուրդում նույն մեքենային մեկնարկային գինը սահմանվել է 4916 դրամ, իսկ աճուրդի նախավճարը սահմանվել է 246 դրամ:

Այսինքն՝ քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին և եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են և ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: