«Ժողովուրդը» գրում է.

«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Վտանգն այն է, որ գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին արդեն բարձրաձայնել է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը:

Այսինքն` մեր երկրի համար ռազմավարական, կենսական նշանակության գազատարը շուտով կարող է դառնալ ադրբեջանցու սեփականություն, որը, տրամադրության անկմամբ պայմանավորված, երբեմն-երբեմն կարող է փակել գազի փականը, և մենք կզրկվենք գազի մատակարարումից:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց այս հարցի շուրջ զրուցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ: Վերջինս պարզաբանեց, որ վաճառքի բուն գործընթացը չի սկսվել, գնորդների հայտեր էլ դեռևս չկան:

«Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որևէ միջանցք չունի, և այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է»,- հուսադրեց վրացի պատգամավորը:

Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված Վրաստանում Հայաստանի դեսպանատունը. այնտեղ քար անտարբերություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեսպան Յուրի Վարդանյանը վերջին շրջանում անձնական-առողջական հարցերով հաճախ գտնվում է օտար երկրներում: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներից, սակայն հարցումները երեկվա դրությամբ անպատասխան մնացին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: