Ըստ շրջանարվող լուրերի Մոտ 180 մլն դրամ պարտք ունեցող «Աշտարակ կաթը» վաճառվում է ԱՄՆ-ում գործող «Ադրա ռեմար» ընկերությանը։ 

Լրագրողների հետ կայացած զրույցում նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին սեփականատերերի հետ: Ըստ փոխնախարարի` ամենակարևոր խնդիրներն այս փուլում հետևյալն են` ընկերության երբեմնի դիրքի վերականգնում շուկայում, գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղերի պահպանում:

Ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը անդրադառնալով գյուղացիներից մթերած և չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարմանը, ասել է. «Մենք չենք կարող այս պահին միանգամից իրենց նախկին բոլոր պարտքերը մարել: Մթերում-մարում, բոլորի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ առանց ոչ մեկին նեղացնելու: Պարտքը կազմում է մոտավորապես 180 միլիոն դրամի կարգի»:

«Աշտարակ կաթի» մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին՝ հստակեցնելու համար, թե ինչպես ստացվեց, որ ընդամենը մոտ 180 մլն դրամ պարտք ունեցող խոշոր ընկերություն «Աշտարակ կաթը» առողջացնելու կառավարության ծրագիրը վերածվեց այն մեկ այլ սեփականատիրոջ վաճառելու գործարքի: