Արաբկիր համայնքում դանակի սպառնալիքով «մերսուհու» վրա կատարված հարձակումը բացահայտվել է։ Ոստիկանության պաշտոնական կայքից YN.am-ը տեղեկանում ենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանի Արամ Խաչատրյան փողոցում երիտասարդ կնոջ վրա հարձակում կատարած անձը Աբովյանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանն է։

Վերջինս «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում գրանցված «մերսուհու» ծառայությունից օգտվելու նպատակով նրա հետ պայմանավորվում է հանդիպել Արամ Խաչատրյան փողոցում իր ավտոմեքենայի մեջ։ Կնոջ ժամանելուց հետո նա հրաժարվում է մերսման ծառայությունից եւ օգտվում ինտիմ այլ ծառայությունից, որի դիմաց վճարում է 15 հազար դրամ։ Քիչ անց տղամարդը կնոջից դանակի սպառնալիքով պահանջում է իր տված գումարը։ Կինը դիմադրում է եւ քաշքշուկի հետեւանքով վնասում ձեռքը։ Դեպքից հետո դիմում իրավապահներին, որոնք էլ հայտնաբերում են իրեն վնասվածք պատճառած քաղաքացուն։ Նշված դեպքով կատարվում է հետաքննություն։