Հալեպի շուրջ կարծես ռուս-թուրքական նոր գզվռտոց է սկզբնավորվում: Ընդ որում՝ այս նոր գզվռտոցը զարգանում է 2015-ի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումով սկզբնավորված լարվածության հակառակ ընթացքով:
2015-ին նախ զինվորականները բախվեցին, ապա Դաղստանում գործունեություն ծավալող մի թուրք վաճառականի եւ Դաղստանի նախկին, թե ներկա ղեկավարներից մեկի միջնորդությամբ շփումներ հաստատվեցին Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինի եւ ՌԴ նախագահի օգնական Ուշակովի միջեւ, ովքեր մի քանի ամսում մի քանի անգամ միմյանց փոխանցելով՝ կազմեցին ներողության տեքստը, որն ի վերջո Ղազախստանի նախագահ Նազարբաեւի միջնորդությամբ եւ ձեռամբ հանձնվեց Պուտինին եւ վերջ դրեց ռուս-թուրքական առաջին գզվռտոցին: Իհարկե, դիվանագիտական շփումների մանրամասները հաղորդած թուրքական աղբյուրները հայտնել էին, որ Պուտինը մի քիչ դեմքը ծամածռել էր եւ Կալիմին ասել. «Վերջը Ձեր արածն արեցիք»՝ տեքստին ծանոթանալիս, քանի որ թուրքական կողմն այդպես էլ չէր գրել՝ «ներողություն ենք խնդրում», այլ գրել էին՝ «ներեցեք», անգլերեն sorry կամ ռուսերեն извините արտահայտություններին համարժեք բառադարձությամբ: Այդուհանդերձ, դեմքը ծամածռելուց հետո Պուտինը գրությունը համարել էր ներողություն եւ այն ընդունել էր: Այդպիսով զինվորականների բախմամբ սկսված լարվածությունը դիվանագետների ջանքերով ավարտվեց:

Այժմ ուրվագծվող ռուս-թուրքական գզվռտոց 2-ում դեպքերը հակառակ ուղղությունից են սկիզբ առել, այժմ լարվածությունն ու դիմակայությունը ծագել են դիվանագիտական հարթությունում, այն էլ՝ մի սանրի կտավ Էրդողանի եւ Պուտինի մակարդակում: Հետեւաբար սպասելի է, որ այն ավարտվի ռուս-թուրքական ռազմական բախումով Հալեպի օդային տարածքում, գուցե նաեւ՝ ցամաքում, եթե «Ադմիրալ Կուզնեցովն» էլ մարտերին միջամտի, ապա, միգուցե՝ նաեւ ծովում: Ընդ որում՝ Էրդողանը եւ Պուտինը քանի ժամ տեւող հեռախոսազրույցներ էլ ունենան, դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի հաջողեն բախումից խուսափել: Մեկ շաբաթում նրանք երեք անգամ խոսել են եւ կարծես ոչնչի չեն հասել:

Հալեպի արեւելյան թաղամասերում ընթացող մարտերի վրա կենտրոնացած է մնում Թուրքիայի եւ Ռուսաստանի ողջ ուշադրությունը: Ինչո՞ւ: Հասկանալիորեն, ամենեւին ոչ մարդասիրական նկատառումներով: Մինչ մնացյալ մարդկության զայրույթն ու գթությունը շարժում են երեխաներին, կանանց ու ծերերին վիճակվող սարսափները, զրկանքներն ու մահերը, Ռուսաստանի ու Թուրքիայի մոտիվացիան այլ է: Ռուսաստանն ամեն գնով ցանկանում է ոչնչացնել Բաշար Ասադի հակառակորդներին, որոնց միջնաբերդն արեւելյան Հալեպն է, որպեսզի իբր սուննի ծայրահեղականներն իշխանություն չհաստատեն Սիրիայում եւ այնտեղից չսպառնան Ռուսաստանին` ռուսական սուննիներին ոտքի հանելով ընդդեմ ռուսական պետության: Թուրքիան էլ նույն վճռականությամբ ցանկանում է ոչնչացնել Ասադի ուժերն ու կողմնակիցներին, որպեսզի ըստ Թուրքիայի ալեւիների ու շիա փոքրամասնության իշխանություն չհաստատվի Սիրիայում, եւ չհալածվեն ու ոչնչացվեն ռեժիմի սուննի ընդդիմադիրները:

Իրականում Ռուսաստանին Ասադի ռեժիմի պահպանումը հարկավոր է, որպեսզի ապահովի իր զինված ներկայությունը Միջերկրականում եւ դուրս չշպրտվի Մերձավոր Արեւելքից: Թուրքիան էլ օդուջրի պես ցանկանում է Ասադի կործանումը, ալեւիների եւ շիաների թուլացումը, որպեսզի վերահսկի Սիրիայի հյուսիսը, այն հնարավորինս թուրքմեններով բնակեցնի եւ արգելի քրդական որեւէ ինքնավարության ստեղծում:

Նյութի աղբյուրը `  hraparak.am