Հայաստանն ու Սփյուռքը մշտապես զգում են մեկը մյուսի կարիքը, դրանք երկու անբաժան մասեր են: Այս մասին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Կարո՞ղ է Հայաստանը զարգանալ, ապրել առանց Սփյուռքի` այո: Սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում են, տասնապատկվում են: Իսկ Սփյուռքն առանց Հայաստանի կարո՞ղ է` իհարկե ոչ»,- նշեց Կարեն Կարապետյանը` փաստելով, որ մենք զգում ենք մեկս մյուսի կարիքը:

Խոսելով Սփյուռքից ներդրումներ ներգրավելու միջոցների մասին` նա փաստեց, որ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սփյուռքը հետաքրքրված լինի Հայաստանում ներդրումների իրականացմամբ: «Բարեգործությունը յուրաքանչյուրի խղճի, անձնական որոշման խնդիրն է: Պարբերաբար դիմել Սփյուռքին՝ որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող»,— նշեց նա` ընդգծելով, որ Հայաստան-Սփյուռք ճիշտ ռազմավարությունը պետք է որոշվի փոխադարձ երկխոսության միջոցով: