Արդեն 20 տարի Ֆրանսիայում ապրող հասարակական գործիչ Արման Ավագյանը լինելով Հայաստանից և երկար տարիներ ապրելով սփյուռքում՝ տեսնում է այն մարտահրավերները, որ կան սփյուռքում և սփյուռքը Հայաստանին կապելու գործում:

Նա նշեց, որ լինելով ֆրանսահայ համայնքի հետ մշտական և ակտիվ շփման մեջ, տեսնում է նրանց կողմից ցանկություն ՝ մասնակից լինելու նաև Հայաստանի առօրյա կյանքին:

Խոսելով Հայաստանի և սփյուռքի հայտնի գործիչների կողմից սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին Արման Ավագյանը նշեց․ «Վերջերս Նախագահ Սարգսյանն էլ հետաքրքիր կոչերով դիմեց սփյուռքին, և վարչապետը ևս իր տված վերջին հարցազրույցում կարևորեց սփյուռքի հետ հարաբերությունների սերտացումը: Լինելով Ֆրանսիայում և մասնակցելով այստեղի ժողովրդավարական, քաղաքական գործընթացներին՝ ինձ համար շատ կարևոր է, որ էլ ավելի առողջ մթնոլորտ ստեղծվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Բայց այստեղ խնդիրը պետք է լինի ոչ թե որպես ընդդիմադիր հանդես գալը, այլ պետք է լինել էլ ավելի արդարություն հաստատող, որպեսզի սփյուռքը ևս համոզվածություն ունենա, որ Հայաստանն առաջ է գնում»:

Հիշեցնենք, որ կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, խոսելով սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին, տեղեկացրեց, որ գործընթաց են սկսել, որի նպատակն է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին Հայաստան բերել սփյուռքի հայրենակիցներին և թույլ տալ նրանց մասնակից լինել ՀՀ գործընթացներին՝ սեփական ներդրումն ունենալով ժողովրդավարության հաստատմանը։

Արման Ավագյանը նշեց, որ նախաձեռնվող գործընթացը միջոց է՝ ազդելու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը. «Նախաձեռնողները հանրաճանաչ են, հանդես են գալիս անկողմնակալ, և գործընթացն էլ անկողմնակալության հիմքի վրա է դրված: Ես միայն միանում եմ նախաձեռնությանը»:

Նրա պատկերացմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սփյուռքից որպես դիտորդներ ներգրավված անձինք չպետք է քաղաքական երանգներ տան գործընթացին, պետք է մշտապես մնան անկողմնակալ:

«Այո, պետք է լինել ընտրատեղամասերում, հետևել ընտրությունների գործընթացին»,- ասաց նա:

Արման Գևորգյանը նաև նկատեց, որ իշխանությունների կողմից միտում կա, եթե ոչ հարյուր տոկոսանոց, գոնե մասամբ, նորմալ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու:

«Բայց չպետք է ընտրությունները շահարկման առարկա դարձնել, սա այն խնդիրը չէ: Նախաձեռնությունը պահանջում է դիտորդի անկողմնակալ մոտեցում: Եթե դա պետք է ընդունի նոր երանգներ, նոր հնարավորություններ ընդդիմադիր հայացքներ առաջ տանելու համար՝ զուտ նրա համար, որ ընդդիմադիր լինեն, ո՛չ: Ես չեմ համարում, որ մենք ազգովի պետք է լինենք ընդդիմադիր: Ո՛չ, այսօր մենք ազգովի պետք է ստեղծենք միավորվելու հնարավորությունը, որը պետք է հիմնված լինի փոխադարձության մեջ»,-ասաց նա։

Արման Ավագյանը նշեց, որ ինքն էլ սիրով կմիանա նախաձեռնությանը, քանի որ ներգրավված լինելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ուղղված գործընթացներում՝ կարծում է, որ սփյուռքահայը չպետք է Հայաստան գա միայն զբոսաշրջային կամ գումար տալու նպատակով, այլ պետք է նաև մասնակից լինի երկրի զարգացմանը։

«Այսօր Հայաստանը կարիք ունի ոչ թե սփյուռքի օգնությանը, այլ համագործակցությանը, որ կարողանանք հաջողություններ գրանցել նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ասաց նա՝ նկատելով, որ ինչքան քաղաքականացնում են Հայաստան-սփյուռք դեբատը, այնքան վանում են ներդրումների պոտենցիալը, իսկ իրականում կարիք կա սերտացնելու սփյուռք-Հայաստան երկխոսությունը: