«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաև այդ հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են նաև ֆիննախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը:

Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ: Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն: Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ և այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: