Երկրաշարժից հետո Գյումրիում մոտ 2600 ընտանիք շարունակում է ապրել տնակներում, որոնք շարքից դուրս են եկել։ 400-500-ը ընտանիք էլ ապրում է կիսաքանդ հանրակացարաններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը։

«3000 ընտանիք անօթևանների ցուցակում է հաշվառված, սակայն բնակարան ստանալու շահառու չի ճանաչվել, 1100-ը ուղղակի երկրաշարժի պատճառով են տնից զրկվել, մյուսներն էլ էլի երկրաշարժի հետևանքով, բայց մասնակի փոխհատուցվել են, կան նաև ընտանիքներ, որոնք հաշվառվելու համար փաստաթղթեր չեն ներկայացրել, ծրագիրը նախատեսում է բնակարանով ապահովել այն ընտանիքներին, որոնք բազմաբնակարանային շենքերից են բնակարաններ կորցրել, եթե սեփական տուն են կորցրել չի փոխհատուցվում»,-մանրամասնեց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո Գյումրին ուշքի չի գալիս, ենթակառուցվածքները չեն զարգանում, աշխատեղեր չկան, աղքատության մակարդակը հասնում է մոտ 60 տոկոսի։

«Կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի և քայլեր մշակի, ամբողջ աղքատությունը մի տեղ է կուտակվում, մարդիկ 28 տարի շարունակում են ապրել խարխուլ տնակներում, մոտ 5 հազար ընտանիք ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, անհայտ է, թե այդ մարդիկ ինչպես են գոյատևում։ Կառավարությունն ասում է՝ մնացել է 550 ընտանիք և բնակարանները տալուց հետո ծրագիրն ավարտված կհամարեն, բայց բնակֆոնդի վերականգնելը չէ միայն, բացի այդ պիտի այդ թիվն էլ հստակեցվի...»,-ընդգծեց Վահան Թումասյանը։

Ըստ նրա՝ այսօր իշխանություններն անգամ վանում են բարերարներին, հովանավորներին։

«Այս տարի կոպեկներով հանգանակություն հավաքեցինք աշխարհի տարբեր երկրներից։ 21-րդ բնակարանն ենք այս տարի տալու, դրանցից 13-ը, հենց հովանավորների պահանջով, կենտրոնի անունով մնացին, որոշակի ժամանակով տվեցինք անհատույց փոխհատուցման, որպեսզի երեխաները չափահաս դառնան և ամբողջական նվիրաբերենք, մեզ վրա դրվեց հարկային պարտավորություն՝ 5 մլն մայր գումար տուգանք, գումարած 2 մլն տույժ տուգանք, դրանից հետո, ո՞ր հովանավորը բնակարանային ապահովման ծրագիրը կանի»,-նշեց նա։

Վահան Թումասյանը հիշեցրեց նաև, որ «Շիրակ կենտրոնը» որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել և կատարել է նոտարական ու կադաստրային ձևակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաև բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման, աղբի մաքրման և համանման աշխատանքների ծախսերը:

Մանրամասները՝տեսանյութում