Ադրբեջանի կառավարութունը բազմափուլ հարձակում է իրականացնում խոսքի ազատության դեմ, մասնավորապես, առցանց տիրույթում արտահայտման ազատության դեմ խիստ պատիժներ են սահմանվում, երիտասարդ ակտիվիստներին կալանավորում են սովորական գրաֆիտիի համար, արգելափակում են անկախ մամուլի հասանելիությունը և խախտվում են լրագրողների իրավունքները:

Այս մասին հաղորդվում է Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության կայքում: 18 միջազգային կազմակերպություններ, որոնց թվում` Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը, Մարդու իրավունքների տուն հիմնադրամը, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել փոփոխություններ իրականացնել այս մտահոգիչ հարցերի շուրջ և հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ որպես օրինակ հիշատակվում են այս տարի ձերբակալված երիտասարդ ակտիվիստների անունները, որոնց ձերբակալել էին Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանին գրաֆիտի պատկերելու համար: Նրանց, սակայն, մեղադրանք է ներկայացվել թմրանյութեր պահելու համար:

Հայտարարության տակ ստորագրած միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել քաղաքական հետապնդումները և լրագրողների նկատմամբ խոշտանգումները: