Հայ գործարար, «ՍԱՍ գրուպ» հոլդինգի հիմնադիր և ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը դո՞ւրս կմնա 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից: Այս մասին առաջին հերթին վկայում են վերջերս նրա անձի շուրջ պտտվող բացասական խոսակցությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիս ամսին գրեց, որ «ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել, օգոստոս ամսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ իրականացրեց «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում, ինչի արդյունքում հայտնաբերվեց վաճառվող աղցանների և պանրի մեջ մանրէներ: Բացի այս, պարբերաբար համացանցում են հայտնվում տարբեր տեսակի դժգոհություններ թե սուպերմարկետների ցանցից, թե սննդի կենտրոնից:

Մի փոքր վերլուծենք պատգամավորի կենսագրությունն ու գործունեությունը: Նա 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահն է: Ինչպես Հայաստանում լինում է դեպքերի մեծամասնությունում, պարոն Սարգսյանը ևս որոշեց ծավալել բիզնես գործունեություն, հետո նոր միայն ստանալ կրթություն: Ինչևէ, արդեն «կրթված» Արտակ Սարգսյանը որոշեց դառնալ պատգամավոր, գործընթացը սակայն այդքան էլ հարթ չընթացավ: 2004թ.-ին թիվ 44 ընտրատարածքից լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվեց, սակայն, ընտրություններն անվավեր ճանաչվեցին: Նրա հիմնական մրցակիցը ևս հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանն էր՝ Լավանդայի Արայիկ մականվամբ: Ամեն դեպքում, կրկնակի ընտրություններից, նրա դեմ ուղղված մեղադրանքներից հետո Արտակ Սարգսյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր: Նա մինչև 2006թ.-ը եղել է ՕԵԿ անդամ, սակայն մի խումբ «նեղացած» ՕԵԿ-ականների հետ միասին լքել է կուսակցությունն ու միացել ՀՀԿ-ին: Ի վերջո 2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, Արաբկիրից: Ուշագրավ է, որ նրա հիմնական մրցակիցը եղել է Զարուհի Փոստանջյանը, ով մոտ 3 անգամ պակաս ձայներ է հավաքել:
Արտակ Սարգսյանի ֆինանսական խնդիրների սկզբի մասին վկայում է նաև 2015թ.-ին նրա ներկայացրած տարեկան հայտարարագրի տվյալները: Այս տարի նրա դրամական եկամուտները պակասել են գրեթե 54 մլն դրամով՝ տարվա վերջում կազմելով մոտ 1 մլրդ 76 մլն դրամ և 125,730 դոլար: Այս տարի նա հայտարարագրել է 3,047,540 դրամ աշխատանքի վարձատրություն, 1,080,000 դրամ եկամուտ՝ տարածքի վարձակալությունից ստացված, 1,314,589՝ ստացված փոխառություն: Այս տարի նրա ընդհանուր եկամուտը կազմել է 50,442,129 դրամ, որից միայն 45 մլնը ձևավորվել է մեքենայի՝ RANGE ROVER-ի վաճառքից: Կամ վերոնշյալ պնդումն իսկապես ճշմարտացի է, կամ էլ ՍԱՍ-ի Արտակն ավելի է ընկղմվում «ստվերի» մեջ: Ամեն դեպքում, նա դեռ շարունակում է մնալ միլիարդատեր պատագամավոր:
Նշենք, որ 2013թ.-ին նա հայտարարագրել է 210 մլն դրամ շահաբաժին, սակայն 2015թ.-ին նա շահաբաժին ընդհանրապես չի հայտարարագրել: Եվս մեկ ուշագրավ փաստ. ըստ Taxinfo-ի տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների արդյունքներով «ՍԱՍ» Գրուպը անգամ առաջին հարյուրակից է դուրս մնում:

Հետևություն. միգո՞ւցե ՍԱՍ-ի Արտակին ակնարկում են, որ նա կարող է նաև չլինել 2017թ.-ի Խորհրադարանում:

Նյութի աղբյուրը՝ YN.am