«Արդ, սիրելի ներկաներ, մեր արժեքները նաև ձեր արժեքներն են... Մեր պայքարը նաև ձեր պայքարն է... Մեր հաջողությունը նաև ձեր հաջողությունն է... Կանգնենք միասին և աջակցենք մոլորակի ևս մեկ անկյունում համամարդկային արժեքների հաղթանակին», ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառմանը հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Միջոցառումը նվիրված է եղել Արցախի անկախության 25-ամյակին:
Արայիկ Հարությունյանը խփել է տասին, թեեւ կարծես թե մի քանի տասնորդականով շեղ: Երեւի թե հարկ էր մի փոքր փոխել մեր-ի եւ ձեր-ի հաջորդականությունը, որպեսզի ստացվեր` ձեր արժեքները նաեւ մեր արժեքներն են, եւ ըստ այդմ հետո արդեն ինչպես տեքստում` մեր պայքարը նաեւ ձեր պայքարն է, մեր հաղթանակը նաեւ ձեր հաղթանակն է:
Քաղաքակիրթ աշխարհի արժեքները մենք վերցնում ենք, որպեսզի դրանով փոխարինենք այն, ինչ պարտադրվել է խորհրդային տասնամյակների ընթացքում եւ կտրել այդ տարածությունը քաղաքակիրթ աշխարհի զարգացման միտումներից: Այդ արժեքների փոխառումը, տեղայնացումը, ազգային արժեհամակարգի եւ դրանց համադրումն ու ներդաշնակեցումը մեզ հնարավորություն է տալու վերգտնել լիարժեք կապը զարգացած ու զարգացող աշխարհի հետ: Այդ կապը հայկական պետականության թե տնտեսական զարգացման ու հանրային արդիականացման, թե պետական անվտանգության գրավականն է:
Այդ իմաստով, Արայիկ Հարությունյանն իր ելույթում արել է կարեւոր շեշտադրումներ, մատնանշելով, որ Արցախի անվտանգությունը միջազգային անվտանգության կարեւոր օղակ է, եւ հայկական պետականության այդ սահմանը նաեւ միջազգային անվտանգության սահմանն է:
Միեւնույն ժամանակ, այդ սահմանին շատ մոտ ծավալվում են նաեւ լիովին հակառակ տրամաբանությամբ գործընթացներ: Խոսքը խորհրդա-ռուսական արժեհամակարգի վերականգնման, աշխարհի առաջ փակվելու այն քայլերի մասին է, որոնք կատարում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունն ու փորձում դրանք տարածել հետխորհրդային պետությունների, այդ թվում հայկական պետականության վրա` այդ պետականությունը վերածելով բուտաֆորիայի:
Դրանից խուսափելու համար շատ կարեւոր է, որ քաղաքակիրթ աշխարհում միջազգային անվտանգության եւ ընդհանուր արժեհամակարգի, արժեքների մասին ելույթներին հաջորդեն գործերը, այդ ելույթներին համարժեք քաղաքականությունը: Հայկական պետականությունը` Հայաստանն ու Արցախը ներառյալ, ունի իր «էլիտայի» խոսքի ու գործի այդ համադրության հսկայական բացը:
Հայկական «էլիտան» լավ է պատկերացնում, որ անվտանգության մարտահրավերների հարցում հայկական պետականության գործընկերը եւ փաստացի դաշնակիցը քաղաքակիրթ աշխարհն է, Եվրատլանտյան հանրությունը: Դրա օգնությամբ են չեզոքացվել այն սպառնալիքները, որ անվտանգության հարցում առաջացել են վերջին տարիների ընթացքում` ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի սերտ գործակցության հետեւանքով:
Ներկայում այդ գործակցությունը վերականգնվում է, Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են քննարկել ռազմական ոլորտում գործակցության վերականգնման հարցերը, այդ մասին հայտարարում է Թուրքիայի վարչապետը: Այսինքն, վերականգնվում են վտանգները, ըստ այդմ` Եվրատլանտյան հանրության օգնության անհրաժեշտությունը:
Որքան էլ ապրիլի պատերազմի էմոցիոնալ բարձր ֆոնին հնչում էին հայտարարությունները, թե մեր հույսը մեր բանակն է, այդուհանդերձ ողջախոհությունը հուշում է, որ պետությունը, այն էլ փոքր ռեսուրսներով պետությունը, չի կարող պատերազմել առանց դաշնակիցների` իրական դաշնակիցների:
Հայկական պետականությունն այդ առումով հայտնվել է աբսուրդի վիճակում` կա դաշնակից թղթի վրա, որը մեզ «դեմ է տալիս» նորանոր թղթեր, որտեղ հայկական շահերի արտացոլումը խիստ տեսական է, եւ կան թղթի վրա գրված ելույթներ, որոնք ուղղվում են Արեւմուտք եւ փորձում հավաստիացնել, որ մենք այն չենք, ինչ ստորագրում ենք կամ ինչին համաձայնում:
Իսկ ո՞րն եք դուք, առաջանում է հարցը` հայ-ռուսական միացյալ զորախո՞ւմբը, որ Ռուսաստանը փորձում է դնել ձնագնդի ռեժիմի մեջ եւ ավելի ու ավելի ընդլայնել, թե՞ Ստեփանակերտում Ղրիմի համար կազմակերպված համերգը, կամ Ռեգնումի սրահում Արցախի նախագահի մակարդակով Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի սիրիական արշավին տրամադրելու պատրաստակամությունը:
Արցախի պատերազմից հետո հայկական պետականությունը ստորագրում եւ վավերացնում է հայ-ռուսական ռազմական համատեղ երկու պայմանագիր, իսկ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմա-քաղաքական պայմանագրի մասին խոսքերը մնում են միայն Սերժ Սարգսյանի ելույթի մակարդակի:
Այդ ամենից հետո, իսկապե՞ս «մեր հաղթանակը ձեր հաղթանակն» է:
Հայկական «էլիտայի» ելույթները քաղաքական պատասխանատվության դրսեւորու՞մ են, թե առկա քաղաքականության արդարացում: Դա հարց է, որը եթե կա Արեւմուտքում, իրավիճակը այդքան էլ վատ եւ անհույս չէ ուրեմն: Որովհետեւ մեծ է վտանգը, որ Եվրատլանտյան հանրության համար այդ հարցն արդեն չկա, քանի որ պատասխանը նրանց համար պարզ է: Թեեւ, չի բացառվում, որ հայկական «էլիտայի» համար էլ չկա այդպիսի հարց, եւ նվազագույն խնդիրն ընդամենը Արեւմուտքում ներողամտություն, ոչ թե իրական դաշնակցություն ապահովելն է: