Դեկտեմբերի 10-ին Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել ի.գ.թ., ԱԵԳՄՄ հիմնադիր, Խորհրդի անդամ, ԱրՊՀ և ՄՄՀ դասախոս Ավետիք Հարությունյանի «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» գրքի շնորհանդեսը` նվիրված Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին և Սահմանադրության ընդունման 10-ամյակին:

2016-12-10 11.32Շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը, ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, դատական համակարգի ներկայացուցիչներ, գործընկերներ, համախոհներ:

ՀՀ սահմանադրական իրավունքի ու Արցախի գիտական կենտրոնների կողմից երաշխավորված և ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ հրատարակված մենագրությունը նվիրված է ԼՂՀ (Արցախի) Սահմանադրության արժեբանական ընկալումների և առանձնահատկությունների բացահայտման, ԼՂՀ սահմանադրական լուծումներում սահմանադրական հիմնարար արժեքների և սկզբունքների իրացման, ինչպես նաև սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրներին: Ուսումնասիրության առանցքում ունենալով վերոնշյալը` աշխատության մեջ հեղինակը հանդես է եկել ոչ միայն տեսական ընդհանրացումներով ու եզրակացություններով, այլև ԼՂՀ Սահմանադրության, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ գործնական առաջարկություններով:

2016-12-10 10.44Բացման խոսքում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ներկաներին շնորհավորել է ԼՂՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ գործող Սահմանադրության անցած տասնամյա ուղին ապացուցել է, որ Արցախի Հանրապետությունը կայացալ է իբրև այդպիսին և իրավունք ունի շարունակել իր ազատ, անկախ և ժողովրդավարական երթը:

«Ավետիք Հարությունյանը, ով մեր իրականության բեղուն գիտնականներից է, իր աշխատությամբ հաստատում է ոչ միայն Սահմանադրության` ժամանակի պահանջ լինելը, այլև, խորքային վերլուծության ենթարկելով երկրի մայր օրենքը, գիտականորեն ապացուցում վերջինիս հիմնարար արժեքների և սկզբունքների կենսունակությունը»,- նշել է Դ.Գաբրիելյանը:

ԼՂՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը, ով գրքի հեղինակի հետ ծանոթ է դեռևս աշակերտական նստարանից, զարմացած չէ նրա կողմից կատարված խորքային վերլուծություններով և գիտական հիմնավորումներով: Չնայած գրքում տեղ գտած որոշ մտքեր և վերլուծություններ Վ.Հովսեփյանը վիճահարույց է համարում, այնուամենայնիվ, առանձնացնում է գրքի արժանիքները. «Արժեբանական տեսանկյունից աշխատությունն առաջին խոսքն է ԼՂՀ Սահմանադրության վերաբերյալ: Իբրև իրավունքի ոլորտի ներկայացուցիչ, գրքի արժանիքների մասին խոսելիս, անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն երեք կարևորագույն սկզբունքները, որոնք ուղենշային էին երիտասարդ գիտնականի համար Սահմանադրության իրողությունը բացահայտելիս` իրավունքի գերակայությունը, ժողովրդաիշխանությունը և իշխանությունների տարանջատումը»:

Գործընկերոջ կատարած աշխատանքը գնահատելիս ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ի.գ.թ. Անատոլի Թադևոսյանը, ի դեմս գրքի, կարևորել է իրավունքի ոլորտում ունեցած նրա ներդրումը, մաղթել բեղուն գործունեություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

2016-12-10 11.55Խոսելով կատարած աշխատանքի մասին` Ա.Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է մի քանի շեշտադրումների վրա, որոնք, նրա խոսքով, կազմում են գրքի կորիզը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ համեմատության են ենթարկվել ոչ միայն չճանաչված երկրների, այլ նաև հարևան Ադրբեջանի սահմանադրությունները:

Հեղինակը մի շարք փաստարկներով հիմնավորում է, որ Արցախի Հանրապետության իրավական համակարգը շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանում ձևավորված իրավական համակարգից, ուստի ԼՂՀ-ն չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. «Արցախի Հանրապետությունը ոչ միայն չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում, այլ այդ երկու երկրներում դավանվող արժեհամակարգերն իրար հակապատկեր են` Արցախի Հանրապետության` ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու ընդգծված տարբերությամբ»:

Ինչ վերաբերում է Ա.Հարությունյանի թեկնածուական ատենախոսության հիման վրա տպագրված մենագրությանը, ապա հեղինակն այն համարում է իր կողմից լավագույն նվերը` ԼՂՀ հռչակման 25-ամյակի և Սահմանադրության ընդունման 10-ամյակի կապակցությամբ:

Անուշ Դոլուխանյան