Եկեք չքաղաքականացնենք, մի քիչ այլ ուղղությամբ եք տանում, ես ուղղվածությունը փոխում եմ, ում որդին ուզում է՝ լինի, մենք ունենք զորահավաքային նախապատրաստության, պահեստազորայինների պատրաստության օրենքներ եւ բոլոր միջոցառումներն իրականացնում ենք այդ օրենքի կտրվածքով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը` մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ բանակում չծառայելու խնդրին:

Քոչունցը տարակուսեց, թե ի՞նչ է նշանակում` նա պատրաստված չէ. «Այս պահի դրությամբ ՀՀ ԶՈՒ կցագրված 95 եւ ավելի տոկոսը ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում, այդ թվում նաեւ հիմնականում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Եթե ծառայել է 50-100 մետրի վրա, հակառակորդի շունչն է զգացել, ի՞նչ է նշանակում պատրաստ չէ»,-ասաց նա: