2011-ի աշնանը Վանում երկրաշարժ եղավ ու կարդացի ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրությունը, որտեղ Եվրոպական սեյսմոլոգիական ծառայության վրա հղումով հաղորդվել էին էպիկենտրոնի կորդինատները: Քանի որ նախկինում բավական լուրջ կարգավիճակ եմ զբաղեցրել ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում (ՍՊԱԾ) (դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի վարիչ), նստեցի ու մի քլնգիչ հոդված գրեցի, թե ինչ էր ՍՊԱԾ-ը նախկինում, և ինչ է դարձել այն այժմ, որ արդեն ունակ չէ որոշել հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի կոորդինատները: Արմեն Երիցյանը կարդացել էր հոդվածը ու կատաղած տարել դրել էր նախկին գործընկերներիս սեղանին՝ ակնկալելով գրվածի ժխտում "այս ինչ է գրել, սա ճիշտ է?"՞: Գործընկերներս ծայրից ծայր կարդացել էին ու ասել՝ "այո, մի բան էլ պակաս է գրել, պարոն նախարար": Թեպետ նախարար Երիցյանի գլխին եռման ջուր էր լցվել, բայց այնքան ադեկվատ էր, որ անմիջապես հասկացել էր քննադատության արդարացվածությունը: Դրանից հետո ԱԺ-ում ժպտալով մոտեցավ ինձ. "պարոն Սաֆարյան, կարդացել եմ ձեր քննադատությունը, պարզել եմ, որ ճիշտ եք գրել ու ցավով եք գրել: Ուզում եմ գաք նախարարություն, գիտեմ, որ ձեր բնագավառում լավ մասնագետ եք, օգնեք վերականգնել ծառայության նախկին հեղինակությունն ու կարողությունները": Խոստացա գնալ, բայց քիչ անց հորս մահը վրա հասավ, իսկ հետո ընտրություններ ու հայտնի արդյունքներ... Այս ամենը պատմում եմ, ցույց տալու համար, թե որքան իրական մարդ էր Երիցյանը, որքան ռեալ, ու եթե պարզեր, որ դիմացինը ճիշտ է, ինքը առաջին քայլը կաներ, առանց կաշկանդվելու, որ ընդդիմադիր պատգամավոր է: Այսպիսի կարգին, պրոֆեսիոնալ, իրենց գործը սիրող ու դրանով ապրող երկու նախարար իմ հիշողություններում միշտ կմնան՝ Գևորգ Դանիելյանը, արդարադատության նախարար, ու Արմեն Երիցյանը, Արտակարգ իրավիճակների նախարար: Շատ ցավում եմ, ափսոսում եմ, ցավակցում եմ հարազատներին ու ընտանիքին: Հոգիդ լույս դառնա, Երիցյան... Փոքր բան է արդեն, բայց ափսոսում եմ, որ խոստումս կատարվել չստացվեց: