Ապօրինի հարստացման քրեականացման օրենքի հեղինակը եւ պահանջատերը ՀԱԿ-ն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Ի սկզբանե մենք համարել ենք, որ երկրում թալանին վերջ տալու գործիքներից կարեւորագույնը սա է: Ինչո՞ւ, որովհետեւ ժողովրդի աչքին է երեւում այդ ամենը: Բարձր պաշտոնատար անձինք դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ են քշում, դաչաներ ունեն, հարստություններ ունեն, ունեցվածքներ արտասահմանում, բայց իրենց ողջ կյանքում ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձեւ այդ անհամապատասխանությունը պետք է հիմք ծառայի, որ պետությունը, դատախազույունը, օրինապահ մարմինները անհանգստանան»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ապօրինի հարստացման քրեականացման օրենքը հետադարձ ուժ պետք է ունենա եւ այդ մեխանիզմը պետք է տարածել բոլոր պաշտոնյաների վրա՝ ընդ որում 1991 թվականից սկսած:

«Դիմել էինք դատախազություն՝ Տարոն Մարգարյանի խնդրով, որովհետեւ նրա ունեցվածքի մեջ հայտնաբերվել էր մոտ 10 միլիոն դրամի անհամաչափություն, որի համար նա ոչ մի բացատրություն չուներ։ Դատախազությունը տարօրինակ պատասխան տվեց մեզ՝ այս դիմումը ենթակա չէ քննարկման»,-ասաց նա։

Լեւորն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի անունից հայտարարում է՝ նա պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը․ «Թող փորձեն գտնել որեւէ անհամապատասխանություն իր եկամուտների եւ ունեցվածքի միջեւ՝ չեն գտնի: Բագրատյանի եկամուտների եւ ունեցվածքի մեջ էլ չեն գտնի»,- ասաց ԱԺ պատգամավորը: