Պաշտոնյաների նկատմամբ համընդհանուր բացասական վերաբերմունքը Արմեն Երիցյանը մեղմեց: Ցավոք, մեղմեց իր մահով: Սառույցը սկսեց շարժվել:

Ուզում էի ի մի բերել նրա մասին հասարակության լայն շերտերի կարծիքը, բայց կանգ առա մի բանի վրա: Յուրաքանչյուր գրառումից հետո նույն բառն է՝ ափսո՜ս:

Ափսո՜ս, շա՜տ ափսոս, շա՜տ- շա՜տ ափսոս, հազա՜ր ափսոս... Ու նաև ցավ՝ ցավալի՜ է, անչափ ցավալի է...

Հայաստանյան պայմաններում նման վերաբերմունք պաշտոնյայի նկատմամբ անհնար էր պատկերացնել:

Մտածում եմ՝ իսկ գուցե էլի նախարարներ, պաշտոնյաներ կան, ովքեր գնահատանքի են արժանի: Մտովի կանգ առա յուրաքանչյուրի վրա ու... անցա:

Մեր ժողովուրդը նման է չափից դուրս Մեծ Երեխայի, անկեղծ է իր զգացմունքների մեջ ու այնպես անկե՜ղծ է արտահայտում իր սերը, վիշտը, ցավը:

Մի պաշտոնյայի հետ էի զրուցում: Այսպես արտահայտվեց՝ դե մեզ նման մեկն էր էլի՜...

Դրա մեջ գիտե՞ք ինչ զգացի: Հույս, որ իրենց ետևից էլ մարդիկ լա՜վ են արտահայտվելու ու ափսոսալու... Ու կառչեցի այն մտքից, որ բոլորն էլ ուզում են՝ իրենց լավ հիշեն:

Բոլորն էլ ուզում են:

... Իսկ ինչու՞ մի փոքրիկ քայլ չեն անում: Ինչու՞ ժողովրդին խմոր են դարձրել քաղաքական տաշտակի մեջ ու տասնյակ տարիներ հունցու՜մ են... Ինչու՞ այնպես են խճճել հանրությանը, որ նա չգիտի՝ ո՞վ է ընդդիմադիր, ով՝ իշխանավոր...

Եթե լավը չեք կարողանում անել, գոնե մի՜ խաբեք հասարակությանը, գոնե՜ մի անգամ խաբեք, գոնե՜ տաս անգամ խաբեք...

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=132297&l=am/