Ազգային ժողովն իր արտահերթ նիստի քվեարկությունը սկսեց խառնաշփոթով: Նախ` մինչ քվեարկությունը պատգամավորների գրանցումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց ԱԺ նախագահությանը վերականգնել պատգամավորների գրանցման սխեման: «Մարդիկ կան, ովքեր այստեղ չլինելով գրանցված են»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկության:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քվեարկություններից հետո կրկին պահանջեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից ներկայացնել գրանցման պատկերը, քանի որ նա նկատել էր, որ պատգամավորներից ոմանք ներկա չեն, սակայն նրանց փոխարեն քվեարկում են:

Նա մատնացույց արեց վերջին շարքը, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողքի նստող պատգամավոր Ռուբեն Սադոյանը չկա, բայց նրա փոխարեն կողմ քվեարկություն գրանցվել է:

Առաքել Մովսիսյանը տեղից Թևան Պողոսյանին անվանեց «գործ տվող»:

«Արխային, ուրախ եմ, եթե հանուն իմ ազգի, ազնվության, օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,-արձագանքեց Թևան Պողոսյանը:

Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ մի կողմ ձայնը քվեարկած նախագծերից կհանեն: Սակայն պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը պահանջում էին կրկին քվեարկություն ապահովել:

Փոստանջյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ՝ կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ: Նա հորդորեց ցույց տալ, թե որ պատգամավորն է ում տեղը քվեարկել, որպեսզի այդ պատգամավորին կարգազանց ճանաչեն:

ԱԺ նախագահն էլ իր հերթին Փոստանջյանից պահանջեց ասել, թե որ պատգամավորն է քվեարկել ուրիշի փոխարեն: «Կարգազանցությունը բոլորիդ մոտ է, եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարկել է մեկի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, մենք էթիկայի հանձնաժողովում այդ մասին լսել տանք: Նայել եմ, տեսել եմ՝ իրոք տեղում մարդ չկա, քվեարկությունը հանել ենք, կմտածենք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողով կտանք»,- ասաց ԱԺ նախագահը: