Կառավարությունում շարունակվում է ՊՈԱԿ-ների եւ պետական հիմնարկների օպտիմալացումը։ Նիստի ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը առաջարկեց իր համակարգում գործող 4 ՊՈԱԿ միավորել՝ ստեղծելով ընդհանուր «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ։ Փոփոխության արդյունքում կկրճատվի 21 հաստիք եւ 20 մլն դրամ։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց տրանսպորտային ծրագրերի իրականացման պետական հիմնարկը վերակազմավորել ՊՈԱԿ-ի, որի արդյունքում կկրճատվի ծախսերի 34 տոկոսը, 3 մեքենա, հաստիքներ։ Բյուջետային միջոցների տնտեսումը 100 մլն դրամից ավելի կլինի։ Նրա ելույթի ժամանակ վարչապետը նկատեց, որ Վերին Լարսի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ «Խնդրում եմ պահեք դրանք ձեր հսկողության տակ», - ասաց նա նախարարին։
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն էլ իր համակարգում օպտիմալացման նախագիծ ներկայացրեց, որի արդյունքում կմիավորվեն երկու ՊՈԱԿ։ Սարգսյանը չասեց, թե տնտեսումը որքան կկազմի։ Որոշման հիմնավորման մեջ գրված է, որ հաստիքների եւ բյուջեի ծախսերի կրճատում լինելու է։
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը բերել էր «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամ ստեղծելու մասին որոշում։ Վարչապետը ողջունեց այդ նախաձեռնությունը, ասելով, որ դա հետաքրքիր է․ «Հնարավոր է, որ նման նախագծեր իրականացնենք նաեւ այլ մարզերում»։ 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց 57,8մլն դրամ գումար հատկացնել բյուջեից ԱԺ ընտրությունների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվեց։

 Նյութի աղբյուրը ` hraparak.am