Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնի մեծ թվով աշխատակիցներ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ գտնվում են Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի առաջին տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Այս պահին հանցագործության վայրում հայտնաբերված հանցագործության գործիք մի քանի իրեղեն ապացույցներ նույն բաժնի քննիչ Վահան Վարեկյանի կողմից ընթերակաների ներկայությամբ առգրավվում են։ Հանցագործը կամ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանան։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևան քաղաքի ոստիկանութան պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր նմանատիպ մեկ այլ բանկի նկատմամբ գողություն տեղի է ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի տարածքում, որտեղ հանցագործին կամ հանցագործներին հաջողվել է պայթեցման եղանակով Սարյան փողոցի վրա գտնվող «Ագբա Կրետիդ» բանկին պատկանող բանկոմատից տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չեն հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/12/16/104191/