Առջևում 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններն են: ԱԺ ներկայիս պատգամավորներն արդեն անհանգստացած են իրենց ապագա ճակատագրով. արդյո՞ք իրենց կհաջողվի պահպանել մանդատը, թե՞ ստիպված կլինեն հեռանալ: Մասնակից կուսակցությունները կամաց-կամաց նախապատրաստում են ցուցակները, որոնք շուտով կստանան վերջնական տեսք: ՀՀ Խորհրդարանում միշտ իրենց տեղն են ունեցել գործարար պատգամավորները, որոնք խոշոր հաշվով հանդիսանում են հայաստանյան բիզնեսի էլիտար զանգվածը, չնայած ՀՀ օրենքով արգելված է համատեղել այս երկու ոլորտները: Բիզնեսմեն պատգամավորներից մեկն է նաև ՀՀԿ-ական Արման Սոսի Սահակյանը, ով ԱԺ-ում ներկայացնում է Գյումրին և հաղթել է լրացուցիչ ընտրությունների արդյունքում:
Արման Սահակյանը Հայաստանի խոշոր հարկատուների շարքում է: Նա «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնօրենն է: Մինչև 2012թ.-ը պատգամավորը «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ, որտեղ նրա շահաբաժինը կազմել է 800.000.000 դրամ: Աշխատել է նաև «Սովռանո» խոշոր ներկրող կազմակերպութունում, որտեղ միայն աշխատավարձը կազմել է 6 մլն դրամ: Ըստ 2012թ.-ի հայտարարագրի նրան են պատկանել նաև «Պրես Ստենդ» ՍՊԸ-ն, «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, բաժնեմասեր է ունեցել «Լայմ» հեռուստաընկերությունում, «Ռադիո Ավրորա»-ում: Մի խոսքով, Արման Սահակյանը իրավամբ բիզնեսմեն-պատգամավոր է:
Նա 2015թ.-ին միայն որպես դրամական միջոցներ հայտարարագրել է 91,200,000 դրամ և 23, 000 դոլար, ինչպես նաև 6,462,290 դրամ աշխատանքի վարձատրություն: Միայն 2015թ.-ին պատգամավորի ստացած փոխառնությունները կազմել են 115,000,000 դրամ, իսկ ընդհանուր եկամտի չափը 121,462,290 դրամ:
Այս ամենից պարզ է դառնում, որ պարոն Սահակյանն ամենայն հավանականությամբ կլինի ՀՀԿ ցուցակում. ե՛վ իր բիզնեսները կլինեն պաշտպանված, և՛ ՀՀԿ-ն կշահի այս համագործակցությունից:
Չնայած պատգամավորը ծնվել է Երևանում և ծնունդով ջավախքցի է, այուամենայնիվ Արման Սահակյանը «տառապում» է սիրուց առ Գյումրի: Նա անգամ հեղինակ է «Գյումրու վերելքի ուղին. զարգացման ծրագիր» ձեռնարկի: Ձեռնարկը գրվել է 2012թ.-ին: Ըստ «Ցայգ»-ի հրապարակման, ձեռնարկով նատեսվում է տեքստիլ արդյունաբերություն, օդային փոխադրումներ, մշակույթ և զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ. արդյունքում` աշխատատեղեր, բնակչության սոցիալական մակարդակի բարձրացում և արտագաղթի նվազում: Անցել է 4 տարի, իսկ թե որքանով են իրականացել նրա ծրագրերը դատեք ինքներդ՝ դիտելով այս լուսանկարները:

Նյութի աղբյուրը՝ YN.am(Երևան Նյուզ)