Minval.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ներկայիս այցը Ադրբեջան իսկապես տարբերվում է նախորդ այցերից։ Այդ մասին նշվում է Բաքվում գործող «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի վերլուծական նյութում։

Դրանում հիշեցվում է, որ Ռոգոզինի ադրբեջանական այցը հաջորդեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ադրբեջանական այցին և ընդգծվում է, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել ադրբեջանական շուկան։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի կողմից Իսրայելից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելը կարող է հարուցել Կրեմլի բնական մտահոգությունը։

Նյութը գրվել է Ռոգոզինի ադրբեջանական այցից առաջ, դրանում չի բացառվել, որ Ռոգոզինը կարող էր Ադրբեջանում քննարկել երկու կարևոր հարցը։
Դրանցից մեկը վերաբերում է Բաքվին «Իսկանդեր Մ» համալիրների վաճառքի հնարավորությանը, որպիսիք նա ավելի վաղ վաճառել է Հայաստանին։
Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Նեթանյահուն Բաքվում հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է իր գազը Եվրոպա արտահանել այն խողովակաշարով, որը կառուցում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Սա նույնպես կարող է մտահոգել Ռուսաստանին, քանի որ TAP և TANAP խողովակաշարերի կառուցման դեպքում լուրջ այլընտրանք կհայտնվի «Թուրքական հոսք» գազատարին, որը պատրաստվում է կառուցել Ռուսաստանը։