Պաշտոնական տվյալով` աղքատության ավելի քան 30 տոկոս, իսկ իրականում` գուցե 50 տոկոսից ավելի խնդիր, պետական պարտքը մոտենում է 6 միլիարդ դոլարի շեմին, դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ, չհանգուցալուծված պատերազմական իրավիճակ և պարզապես հակասահմանադրական ճանապարհով ձևավորվող իշխանություն ունեցող երկրում ակտիվ հասարակության քննարկման առարկա է դարձել Սերգեյ Դանիելյանի կողմից ստեղծվելիք ՔԱՔ-ը, որը խախտել է Հայաստանի հասարակության «անդորրը»:

Թվում է, թե Հայաստանում հասարակությանը ճիպոտով, մահակով, տանկով անգամ հնարավոր չպետք է լիներ շեղել այն կենսական խնդիրներից, որ ունի պետությունը ներկայումս, և որոնք հասել են ճգնաժամային մի այնպիսի գերհանգրվանի, որ բեկումնային ու արմատական լուծումներ չստանալու պարագայում ուղղակիորեն կարող են ճակատագրական դառնալ պետության և հայության համար ընդհանրապես:  Բայց Հայաստանի հանրությանը մի «անժելա սարգսյան», ու մի ՔԱՔ է պետք, որ անմիջապես շեղի հանրային և պետական կենսականություն ենթադրող խնդիրներից ու տանի-հասցնի պարզապես անիմաստ աղմուկ-աղաղակ, որից օգտվում են բացառապես նրանք, ովքեր արդեն մոտ երկու տասնամյակ հետևողական լռելյայնությամբ սնվում են նույն այդ հասարակության և պետության հաշվին:

Ներկայումս այդ գործընթացը բարդացել է, քանի որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում հասարակությունը ենթարկվում է որոշակի վերափոխումների` շատ առումներով անգամ իր կամքից էլ անկախ: Դրան գումարվում է նաև այն, որ, այնուհանդերձ, քաղաքացիական հանրույթի մի զգալի մաս գիտակցաբար ձեռնամուխ է եղել պետության մեջ լուրջ վերափոխումների մի շարժման, որն առայժմ շատ ապակենտրոն է, տարրալուծված, բայց ունի իսկապես լուրջ պոտենցիալ: Եվ այդ մթնոլորտում այլևս հնարավոր չէ նախկին հանգստությամբ «սնվել» պետության ու հասարակության հաշվին: Հետևաբար առաջանում է տարաբնույթ, այսպես ասած` անմեղ ու անվտանգ աղմուկների անհրաժեշտություն, որն էլ ապահովվում է հենց նման առիթներով կամ տեխնոլոգիաներով:

Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ը թերևս հերթականն է: Ընդ որում, այն կարող է հերթականը լինել ոչ տեխնոլոգիական, այլ ընդամենը ապարդյուն աղմուկի իմաստով: Խնդրի էությունը, իրավիճակի անհեթեթությունը դրանից չեն փոխվում: Միևնույն է` առկա իրողությունը վկայում է ոչ ադեկվատության այն մեծ պաշարը, որ առկա է Հայաստանի հասարակական-քաղաքական հարթակում, երբ հանրությանը ցրելու համար արդեն տանկեր էլ պետք չեն, այլ բավական է ընդամենը ՔԱՔ։