Հայաստանի «Դեղերի մասին» նոր օրենքի դեղերը դեղատոմսով բաց թողնելու պահանջը դեռեւս չի գործում, չնայած օրենքն ուժի մեջ է մտել 2016 թվականի դեկտեմբերի 15-ից: Այս պահանջն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ ընդունվեն համապատասխան նորմատիվային փաստաթղթեր, ինչը կարող է տեղի ունենալ մոտավորապես 2017 թվականի փետրվար-մարտին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ պետք է հաստատվեն դեղատոմսերի մի քանի ստանդարտ ձեւաթղթեր, եւ այժմ Առողջապահության նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում: Դրանք բոլոր բժշկական հաստատություններում կհայտնվեն առողջապահության նախարարի համապատասխան հրամանից եւ Արդարադատության նախարարությունում գրանցվելուց հետո:

Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ օրենքով հստակ նախատեսված է, որ արգելվում է դեղեր դուրս գրել թղթի ինչ-որ կտորի կամ այլ ձեւաթղթի վրա, բացի հաստատված ձեւաթղթից: Նրա պարզաբանմամբ՝ կլինի դեղատոմսի մեկ ստանդարտ ձեւ այն դեղերի համար, որոնք պետք է դեղատոմսով բաց թողնեն, սակայն դրանցով կարելի է նշանակել նաեւ դեղեր, որոնց համար դեղատոմսը պարտադիր չէ: Եվս մեկ ստանդարտ ձեւաթուղթ կլինի այն դեղերի դուրսգրման համար, որոնք թմրանյութեր են պարունակում: Հատուկ ձեւաթուղթ կմշակվի նաեւ հոգեմետ դեղերի համար: Մեկ այլ ձեւաթղթով էլ դուրս կգրվեն պետպատվերի շրջանակում անվճար կամ արտոնյալ հիմքերով տրվող դեղերը:

«Դեղատոմսերի վրա անպայման կնշվի բուժհաստատության անվանումը, հասցեն եւ հեռախոսահամարը, բժշկի անուն-ազգանունը եւ նրա տվյալները, որոնք անհրաժեշտ են նույնականացման համար»,- ասաց փոխնախարարը:

Սերգեյ Խաչատրյանը մեկ կարեւոր հանգամանք էլ նշեց. եթե նախկինում մեկ դեղատոմսով կարելի էր մեկ անգամ դեղ գնել, ապա այժմ բժիշկը կարող է մեկ դեղատոմսը դուրս գրել 6 ամիս օգտագործելու իրավունքով, իսկ որոշ դեպքերում նաեւ մեկ տարի, իհարկե՝ չափաքանակի ճշգրիտ հաշվարկի դեպքում: Հաշվի առնելով այն, որ մարդիկ դեղերը մշտապես միեւնույն դեղատնից չեն գնում, այլ որ դեղատնից պատահի, նրանք այնտեղ պետք է թողնեն իրենց դեղատոմսի պատճենը, իսկ բնօրինակը կհանձնեն այն դեղատանը, որտեղից գնել են վերջին չափաքանակը:

«Դա հնարավորություն կտա վերահսկել՝ արդյոք իրականում դեղերը, որոնք պետք է դեղատոմսով բաց թողնել, իսկապես դեղատոմսով են բաց թողնվել»,- ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 4500 անուն դեղ, որոնցից գոնե կեսը դեղատոմսային դեղեր են: Այդ դեղերի ցանկը հրապարակված է նախարարության կայքէջում։

Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ պոլիկլինիկաների բժիշկների հասանելիության վերաբերյալ անհանգստությունները տեղին չեն: Փոխնախարարը համաձայն է, որ պոլիկլինիկաներում թերապեւտները ընդամնեը 3 ժամ են աշխատում, սակայն հիշեցրեց, որ նրանց գրաֆիկը սահուն է, եւ կարելի է պոլիկլինիկա գնալու հարմար պահ գտնել, առավել եւս, որ այնտեղ պետք է գնալ «ոչ թե դեղի, այլ բուժվելու համար»: Նա ընդունեց, որ հնարավոր է ժամանակային անհարմարություններ լինեն, սակայն դրանք կլուծվեն էլեկտրոնային առղջապահության ներդրմամբ:

Սերգեյ Խաչատրյանը դրա մեջ կոռուպցիոն ռիիսկեր, նաեւ դեղերի թանկացման պատճառ չի տեսնում:

Փոխնախարարը հավելեց, որ նոր օրենքով չի արգելվում դեղերի հատավաճառը, այդպիսի հնարավորություն կա, եւ դա վերաբերում է նաեւ դեղատոմսային դեղերին: Պարզապես դեղատներում հատով վաճառվող դեղի փաթեթի վրա պարտադիր պետք է գրեն անվանումը եւ չափաքանակը, ինչպես նաեւ զգուշացնեն, որ փաթեթի ամբողջականության խախտման դեպքում ցանկացած դեղի պահպանման ժամկետը չի կարող 6 ամիսը գերազանցել՝ անկախ փաթեթի վրա եղած ժամկետից: