«Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է և 5 ամիս է՝ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», վերջին օրերին տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ տպավորություն թողնելով, որ գտնվում է ինչ-որ դեղերի ազդեցության տակ: Այդ մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

Նա պատմեց, որ իր վերջին մեկ շաբաթվա այցելությունների ընթացքում Հովհաննեսը կամ քնած է եղել կամ ոչ ադեկվատ վիճակում. «Դեկտեմբերի 9-ին այցելեցի, Հովհաննես Հարությունյանը քնած էր: Ինձ ասացին, որ հոգեբույժներ էին եկել, ինչ-որ դեղեր էին տվել: Նշեցին նաև, որ անհանգիստ վիճակում է եղել: Դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ 5 ամիս է՝ նման բան չեմ նկատել: Հետո դեկտեմբերի 10-ին այցելեցի, էլի քնած էր, չկարողացա իր հետ զրուցել և կրկին որևէ պարզաբանում չստացա, որովհետև ոչ աշխատանքային օր էր: Դեկտեմբերի 11-ին իմ այցելության պահին արթուն էր, բայց անհասկանալի վիճակում. կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ էր կամ ցավից շոկային վիճակում էր, տարօրինակ վարքագիծ էր իր մոտ»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե ինչպես էր այդ վարքագիծը դրսևորվում՝ փաստաբանը պատասխանեց. «Ադեկվատ չէր: Իր հետ խոսելիս հասկանում էի, որ ինչ-որ բանի ազդեցության տակ է, իր ասածը չի հասկանում, կարծես հալյունացիների մեջ լիներ»:

Այնուհետև, ըստ փաստաբանի՝ Հովհաննեսին այցելել է դեկտեմբերի 12-ին, քանի որ այդ օրը նրա գործով դատական նիստ կար և Հովհաննեսը դիմում էր գրել՝ խնդրելով ապահովել նիստին իր մասնակցությունը:

«Չնայած դրան Հովհաննեսը չկարողացավ մասնակցել նիստին, նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, այդ օրը ևս նա դատարան չներկայացավ: Փորձեցի պարզաբանումներ պահանջել Դատապարտյալների հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է, տարբեր կառույցների դիմեցի՝ փորձելով նրանց ուշադրությունը հրավիրել: Ոչ Առողջապահության, որ Արդարադատության նախարարություններից ես որևէ լուրջ արձագանք չտեսա: Նույնիսկ ՄԻՊ գրասենյակ եմ ահազանգել, ՀՔԾ եմ դիմել՝ ահազանգելով Հովհաննես Հարությունյանի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ, որը մահափորձ է հիշեցնում»,- ասաց Սարգսյանը:

Չնայած այս ամենին՝ փաստաբանի խոսքով իր համար շատ զարմանալի է եղել այն, որ դեկտեմբերի 16-ին Հովհաննեսը հարցրել է, թե երբ է լինելու իր գործով նիստը.

«Նա ոչինչ չէր հիշում այդ մեկ շաբաթից: Այդ օրն էլ սենյակից նաշադիրային սպիրտի հոտ էր գալիս: Ասացին՝ ինչ-որ բժիշկներ են եկել, ներարկում կատարել: Այսօր կրկին այցելեցի, կրկին նույն վիճակում էր՝ ինչ-որ բանի ազդեցության տակ, կաշկանդված, նման անհասկանալի վարքագիծ էր դրսևորում»,- հայտնեց փաստաբանը: