Այսօր Երևան է ժամանելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ասել, որ այս այցը սպասված էր, կնշանակի ոչինչ չասել: Ռոհանիի այցի մասին խոսվում է բավականին երկար ժամանակ, սակայն ոչ միայն մի քանի ամիս, այլ ըստ էության արդեն ավելի քան երեք տարի անընդհատ խոսվող, ազդարարվող այս այցը չէր կայանում և ահա վերջապես Իրանի նախագահն այսօր կժամանի Հայաստան մեկօրյա այցով: Հայ-իրանական հարաբերությունների կարևորության մասին խոսելն էլ երևի թե ավելորդ է:

Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարևաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաև սերտ տնտեսա-քաղաքական հարաբերության վերածելն է, առավել ևս այն բանից հետո, երբ Իրանի դերը էապես փոխվում է միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ ձեռք բերված համաձայնությունից հետո:

Պաշտոնական Երևանը ամեն առիթով և առանց առիթ հայտարարում է, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել աշխարհի և ԵՏՄ-ի միջև: Իրականում Հայաստանը կարող է ավելի շուտ և ավելի շատ կամուրջ լինել աշխարհի և Իրանի միջև: Եվ այս առումով Հայաստանն ու Իրանն ունեն փոխադարձ ընդհանուր շատ շահեր, որոնք սակայն բախվում են մի պատի, որը կոչվում է Հայաստանի վրա ռուսական գերազդեցություն: Ռուսաստանը շատ ավելի լոյալ է վերաբերում և նույնիսկ մասնակցում է Իրանի հետ հարաբերությունների կառուցմանն Ադրբեջանի միջոցով և միջով, քան իր ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի: Սակայն խնդիրը այն չէ, որ Ռուսաստանը չի օգնում հայ-իրանական հարաբերություններին, այլ այն, որ Ռուսաստանն ըստ էության խանգարում է այդ հարաբերությունների լիարժեք ընթացքին: Իհարկե, մյուս կողմից այստեղ մեկ այլ հարց է առկա՝ իսկ Հայաստանի իշխանությունն անո՞ւմ է դրա համար հնարավորը, թե՝ ոչ: Այս հարցը պատասխան չունի, թեև փաստն այն է, որ անկախությունից հետո 25 տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունը շարժվել է շատ դանդաղ, և Հայաստանն ըստ էության ավելի շատ խոսել է այդ հարաբերությունների կարևորության մասին, քան կոնկրետ քայլեր կատարել դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու համար: Այս տեսանկյունից թվում էր, որ բեկումնային կարող է լինել գազամուղի կառուցումը, սակայն 2006 թվականին շահագործման հանձնված այս ենթակառուցվածքը կառուցվեց այն տրամաչափով, որը պահանջում էր Ռուսաստանը, որպեսզի Հայաստանը չունենա տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն:

Այսօր էլ հայ-իրանական երկաթուղու նախագիծ է հռչակված, որը սակայն ևս գտնվում է թղթի վրա: Միով բանիվ, հայ-իրանական հարաբերությունները լինելով չափազանց կարևոր, նաև նոր աշխարհաքաղաքական իրավիճակում լինելով բավականին արդիական և նոր միտումներին համահունչ, իրականում հանդիսանում են ծայրաստիճան վատ խնամված և չմշակված: Հայ-իրանական հարաբերությունները իրենց և՛ երկկողմ, և՛ աշխարհաքաղաքական նշանակության ու պոտենցիալի համեմատությամբ, գտնվում են պարզապես բարձիթողի վիճակում, քանի որ այն, ինչ կա կամ այն, ինչի մասին խոսվում է, անհամեմատ ավելի քիչ է պահանջված չափից ու բովանդակությունից: Առավել ևս, երբ մենք տեսնում ենք, որ այդ հարցում Հայաստանի հակառակորդը՝ Ադրբեջանը, Իրանի հետ գործակցության տեմպերով նույնիսկ փորձում է գերազանցել Հայաստանը: Այստեղ, իհարկե, խնդիրը ծավալների ֆիզիկական մեծությունն ու դինամիկան համեմատելը չէ, այլ այն, որ Հայաստանը չի օգտագործում իր հնարավորությունները, որոնք կարող են բերել նաև դրանց գեներացիայի հարցում աշխարհաքաղաքական աջակցության: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան Իրանի նախագահի այցով, կամ արդյո՞ք Իրանի նախագահի այցը ինչ որ փոփոխության արդյունք է:

Դժվար է ասել: Գուցե և Իրանի նախագահը Հայաստան է որոշել այցելել՝ ի պատասխան Ադրբեջանի մայրաքաղաք Իսրայելի վարչապետի այցի, ինչպես նկատում են շատ փորձագետներ: Բոլոր դեպքերում, շատ կարևոր է, թե ինչ նոր բովանդակությամբ կլցնի այցը հայ-իրանական հարաբերությունը, լինի դա տնտեսական, քաղաքական, թե ռազմա-քաղաքական նոր բովանդակություն, հաշվի առնելով և այն, որ Իրանը Հայաստանի չբարձրաձայնված դաշնակիցն է հանդիսանում նաև ղարաբաղյան հարցում: Սակայն Հայաստանից պահանջվում է ոչ թե չարաշահել կամ շահագործել այդ դաշնակցությունը կամ համբերությունը, այլ ընդառաջ գնալ դրան հնարավորություններին համարժեք արագությամբ և ճակատով: Հակառակ պարագայում՝ հայ-իրանական բարձր մակարդակի հաջորդ հանդիպմանը հարկ կլինի սպասել արդեն շատ ավելի երկար: