ՎիվաՍելլ ՄՏՍ-ը շարունակում է 1 դրամով iPhone վաճառել: Այս անգամ խոսքը գնում է նորագույն iPhone 7 և iPhone 7 պլյուս մոդելների մասին: iPhone 7-ը 1 դրամով ձեռք բերելու համար հաճախորդը պարտավորվում է 24 ամիս վճարել 29 500 դրամ, իսկ iPhone 7 պլյուսի համար՝ 32 500 դրամ: Գաղտնիք չէ, որ գործարքն իրականացվում է բաժանորդագրության միջոցով, որի շրջանակներում հաճախորդներին տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 200 րոպե՝ դեպի այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:
Կատարենք հասարակ հաշվարկ. 2 տարի շարունակ 29 500 դրամ վճարելով I Phone 7-ը հաճախորդի համար կարժենա 708 հազ դրամ (մոտ 1475 դոլար), իսկ I Phone 7 պլյուսը՝ 780 հազ դրամ (1625 դոլար):

Նշենք, որ միջինում I Phone 7-ն արժե 311-359 հազ դրամ (649 – 749 դոլար, կախված մոդելից), իսկ I Phone 7 պլյուսը միջինում արժե 369 հազ դրամ (769 դոլար): Նշենք, որ ներկայացված են միջազգային գները, իսկ ՀՀ տեղափոխման ծախսը կազմում է մոտ 30-40 դոլար, այսինքն՝ մոտ 15 000 – 20 000 (ըստ ebay օնլայն խանութի):
Սա նշանակում է, որ իրականում (եթե ընդունենք, որ հեռախոսը ձեռք ենք բերել 1 դրամով) ՎիվաՍելլ ՄՏՍ-ի ծառայությունների համար հաճախորդը մեծ գումար է վճարում: I Phone 7-ի դեպքում սպառողը գերվճարում է 397 – 349 հազ դրամ, իսկ I Phone 7 պլյուսի դեպքում՝ 411 հազ դրամ: Սա դեռ չհաշված գնաճային գործընթացը, ինչի հետևանքով 24 ամիս անց նույն մոդելի հեռախոսը բացարձակապես այլ գին կունենա:

Ի դեպ, 2016թ. մայիս ամսին ՎիվաՍել-ՄՏՍ-ի Հասարակայնության հետ կապերի, մարկետինգի և հաղորդակցության բաժի ղեկավար Վահե Իսահակյանի կողմից yelaket.am կայքին տրված պարզաբանման մեջ, պարոն Իսահակյանն ակամայից խոստովանել է, որ ձեռք բերվող սարքն իրականում ավելին արժե, քան 1 դրամ:
Պարզաբանման մեջ ասվում է. «...սարքը տարաժամկետ վճարման սկզբունքով գնելիս դրա համար վճարվող ընդհանուր գումարն ավելի շատ է լինում, քան կանխիկ գնման դեպքում» (մեջբերում):
Հակասություն 1. ըստ գովազդային առաջարկի, հաճախորդը հեռախոսը ձեռք է բերում 1 դրամով, հետևաբար սարքը չի կարող համարվել տարաժամկետ վճարման սկզբունքով ձեռք բերված, քանի որ հաճախորդը դրա համար արդեն 1 դրամ վճարել է:
Հակասություն 2. սարքը տարաժամկետ վճարման սկզբունքով վաճառելու և դրանից եկամուտ ստանալու մեխանիզմը մեկ բառով կոչվում է ապառիկ վաճառք, որն իր հերթին հանդիսանում է սպառողական վարկի տարատեսակ:

Հայաստանում վարկեր տրամադրելու իրավունք ունենք միայն բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները, Կենտրոնական բանկի կողմից տրված համապատասխան թույլտվության համաձայն: Սպառողական վարկեր իրավունք ունեն տրամադրելու միայն բաները: «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի, 2-րդ մասի համապատասխան. «Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել բացառապես ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ, իսկ սպառողական վարկերը կամ փոխառությունները՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով»:

Հենց այստեղ էլ կայանում է մոլորությունը. եթե հաճախորդը գնում է սարքը տարաժամկետ վճարման սկզբունքով բանկից, ապա հստակ գիտակցում է, որ պարտավորվում է վճարել սահմանված տոկոսադրույքը:

Ըստ էության, անգամ եթե հաշվի չառնենք վերոնշյալ բոլոր հանգամանքները, սպառողը նաև մոլորության է ենթարկվում՝ մտածելով, որ տրամադրվող ծառայությունները փոխհատուցում են նրա վճարած գումարը: Տրված ներցանցային րոպեներն առաջին հայացքից գայթակղիչ են, սակայն դիտարկելով միջին վիճակագրական քաղաքացուն, կարող ենք պնդել, որ տրված րոպեները ձևական բնույթ են կրում: Օրինակ՝ 2015թ.-ի ՌԴ-ում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդն ամսվա կտրվածքով ընդամենը 350-750 րոպե է ծախսում հեռախոսային խոսակցության վրա, իսկ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 450- 500 րոպե: Այս թվերը ներառում են թե՛ ներցանցային, թե՛ այլ ցանցերի հետ զրույցները:

Հետևաբար տրամադրվող 10 000 րոպեն կարող էր լինել նաև 100 000 կամ 1 000 000 րոպե, միևնույն է, միջինում քաղաքացին այն չի սպառի:
Հետևություն. ՎիվաՍելլ ՄՏՍ-ի կողմից տրամադրվող տվյալ ակցիայից օգտվելուց առաջ մտածեք՝ պատրաստ եք արդյո՞ք 10 000 ներցանցային րոպեի, 200 րոպե՝ դեպի այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետի համար վճարել 700 000-780 000 դրամ:
Նշենք, որ ներկայացված հաշվարկը պարզապես օրինակ է, որը տարածվում է «STARTPHONE» սակագնային պլանի մյուս առաջարկների վրա: