Վաշինգտոնում 4 ընտրիչներ, ովքեր հրաժարվել են քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, տուգանվել են 1000 դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպին։

Հաղորդվում է, որ «անբարեխիղճ» ընտրիչները պետք է տուգանքը վճարեն 60 օրվա ընթացքում, այլապես գերատեսչությունը դատարան կդիմի։

Գործակալությունը նշում է, որ համաձայն օրենքի՝ ընտրիչները ստորագրում են պարտավորագիր, որ կքվեարկեն կուսակցության առաջադրած նախագահի և փոխնախագահի թեկնածուների օգտին։

Ընդհանուր առմամբ ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքներով 538 ընտրիչներից 7-ը չեն քվեարկել իրենց նահանգում ընտրվածի օգտին։ Դա ռեկորդ է դարձել 1836 թվականից ի վեր, երբ 23 անդամներ փոխել էին իրենց որոշումը։

Չորս «անբարեխիղճ» ընտրիչները ներկայացրել են Վաշինգտոն նահանգը, որտեղ հաղթել էր Քլինթոնը։ Նրանցից 3-ն իրենց ձայնը տվել են նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի, չորրորդը՝ հնդկացի Հավատքի աֆրիկյան արծվի օգտին։ Եվս մեկ ձայն Քլինթոնը կորցրել է Հավայի նահանգում, որի ներկայացուցիչը քվեարկել է Բերնի Սանդերսի օգտին։