Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս` 5 եւ 7 տարեկան երեխաները` խեղդամահ արված: Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա` ինքնասպան եղել: Ի՞նչը կարող էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ: Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով: Ինչն էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը: Ասում են՝ ամուսինն էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել է հանգիստ վիճակում: Երկու ամիսը մեկ այցելել է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ է ունեցել: Շատ լավ մայր էր, հրաշալի խնամում էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված էին: Վերջին անգամ հոկտեմբերին է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ էր»,- ասաց նա: Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի է անդամակցել: Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաեւ քաղաքապետարանում, ովքեր էլ պարբերաբար աջակցություն են ցուցաբերել: Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ է կատարել, ունեւոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն է վճարել: Ըստ Գյուլնազարյանի՝ կնոջ վարքագծում որեւէ տարօրինակ բան չի նկատել: Վերջին անգամ 45-ամյա Մարինեին հանդիպել են 2 շաբաթ առաջ, հագուստ ու կոշիկներ տրամադրել երեխաներին: Ուշագրավն այն է, որ հոգեպես անառողջ նկարագրվող կինն ընթացիկ տարվա օգոստոսին մրցույթով ուսուցչության է անցել Լոռու մարզի Սարալանջ համայնքի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց` որպես քիմիայի ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը մրցույթին փայլուն արդյունք է ներկայացրել: Տնօրենի խոսքով՝ մինչ իրենց մոտ աշխատելը 45-ամյա Մարինեն 11 տարի աշխատել է Կրասարի դպրոցում: Մեր հարցին, թե արդյոք կինը աշխատանքի ընդունվելիս անձնական գործերում ներկայացրել է բժշկական բոլոր փաստաթղթերը, տնօրենը բացասական պատասխան տվեց. «Ես իրեն միշտ ասում էի, որ ինչպես բոլոր ուսուցիչները, դու էլ պետք է սանիտարական փաստաթուղթ ներկայացնես՝ բոլոր բժշկական կաբինետներն անցնելով, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ բերելով` այդպես էլ թղթերը չներկայացրեց»,- ասաց տնօրենը` նկատելով, որ հոգեբուժարանն ու կոնկրետ բուժող բժիշկը՝ իմանալով, որ կինը գրանցված է հոգեբուժարանում, պետք է տեղեկացնեին դպրոցի տնօրինությանը: Տնօրենի պատմելով` Մարինե Հովհաննիսյանը մի անգամ է խոսել իր ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնալուծվել է ամուսնու` հոգեկան խնդիրներ ունենալու ու հարբեցող լինելու պատճառով: «Ինձ հետ երբ խոսեց, ասաց, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն ու երեխաներին, դրա համար էլ բաժանվել է»,- հավելեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հովհաննիսյանի ամուսնու մորաքրոջ տղան, ով, ի դեպ, Սարալանջի դպրոցի նախկին տնօրենն էր, եւս ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ 2012 թվականին: Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանի եւ ամուսնու բաժանումն իրականում կնոջ հոգեպես անառողջ լինելու պատճառով է եղել. «2 անգամ էլ ես եմ այցելել իրենց տուն: Ամուսինն ասում էր` չեմ կարողանում հետն ապրել. հոգեկան հիվանդ է»: Գյուղապետը հերքեց ամուսնու՝ հոգեկան խնդիրներ ունենալու տեղեկությունները՝ միեւնույն ժամանակ չհերքելով ալկոհոլի նկատմամբ հակումներ ունենալը: Ասում է՝ ամուսինը չէր ցանկանում, որ երեխաները մնային մոր մոտ, բայց հոգեկան հիվանդ լինելու մասին դատարանում ոչինչ չի ասել, քանի որ եթե ասած լիներ, ապա դատարանը երեխաներին չէր տա մորը: Մարինեն ու ամուսինը ամուսնալուծվել են 4 տարի առաջ, իսկ կինը գրանցվել է հոգեբուժարանում 2014-ին՝ 2 տարի առաջ: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կատարվածի մասին նշեց միայն, որ կինն անում էր ամեն բան՝ երեխաներին ու ընտանիքը պահելու համար, եւ բնակարանը, որտեղ վարձով էին բնակվում, լավ պայմաններ ուներ: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ Կրասար համայնքի նախկին գյուղապետ Խաչիկ Մելիքյանի հետ: Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Կրասարից է, գյուղից տեղափոխվել էր 8 տարի առաջ: Մելիքյանի խոսքով՝ Մարինեի հայրը նախկին ոստիկան է, աշխատել է ոստիկանության Աշոցքի բաժնում, ապա թոշակի անցել. «Խելոք, հանգիստ, շնորհքով, անշառ ընտանիք են, հայրը 4 տղա ունի, Մարինեն էլ հետը` 2 աղջիկ: Տղաները Ռուսաստանում են, հայրն ապրում էր փոքր աղջկա հետ»,- ասաց նա: Ըստ Մելիքյանի՝ Մարինեն դեռ երիտասարդ տարիներից բավականին կիրթ ու հարգված է եղել, ամուսնացել, ապա հեռացել է գյուղից: Այսպիսով՝ փաստ է, որ Սպիտակի հոգեբուժական կաբինետի աշխատակազմն ու կոնկրետ բուժող բժշկուհին գրանցված հոգեկան հիվանդ լինելու մասին ոչ մի տեղեկություն չեն տվել դպրոցին, մինչդեռ տնօրենը պնդեց, որ պարտավոր էին: Սպիտակի քաղաքապետարանի խնամակալության հանձնաժողովն էլ տեղյակ չի եղել, որ երեխաներին մանկատուն տեղափոխելու կամ կնոջ հետեւողական բուժումն ապահովելու հարցը կարգավորեր: Ու այս անպատասխանատվության, անտեղյակության շարանի հետեւանքով մանկահասակ երեխաներն ու նրանց մայրը չկան: