ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին տոնական օրերին չհիվանդանալու համար ձեռնարկել բոլոր քայլերը` սննդային թունավորումներից խուսափելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է.

գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից,
գնել թարմ, չվնասված մթերք,
աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»: