«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։

Այս մասին տեղեկացնում է Արթուր Սարգսյանի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը՝ հիշեցնելով, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել և պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։
Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Նրան մի քանի օր շարունակ բուժօգնություն և դեղորայք չէր տրամադրվել, իսկ շտապօգնություն կանչվել էր միայն երբ նրա վիճակը ծայրահեղ սրվել էր և միայն իր խցակիցների բողոքների արդյունքում:

Փաստաբանի փոխանցմամբ՝ համապատասխան միջոնրդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 § 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը և առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե՝

1. ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը և պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր և այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը,

2. արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք և հատուկ սնունդ, և, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից:

Պաշտպանի փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը և դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին և ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը: