ՀՀ Նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

Նախարար, որ երազել գիտեր
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի աշխատասենյակում մեկ անգամ եմ եղել, թեև Ներսեսի հետ պատիվ եմ ունեցել աշխատել 94 թվականից սկսած։ Մի քանի տարի առաջ էր, ուշ երեկոյան։ Նախարարության շենքը դափ-դատարկ էր, շատ մութ էր ամեն տեղ։ Աշխատասենյակը գտա պատի ցուցանակով։ Ընդունարանն էլ դատարկ էր՝ ստիպված ներս մտա առանց զգուշացնելու։ Մութ սենյակում երեք հատ սեղանի լուսավորիչ էր վառվում։ Աշխատասեղանը, խորհրդակցությունների երկար սեղանը, անգամ անկյուններում ամբողջովին տպագիր նյութեր էին լցրած, բոլոր պատերին տարբեր չափսերի պլակատներ ու թղթեր էին կպցրած ու ամեն տեղը մարկերներ ու մատիտներ էին թափված։ Իսկական perfect mess:

Հսկա սառը շենքի մութ միայնության մեջ Ներսեսն էնպես ոգևորված ու կարմրած տեսք ուներ, կարծես լողավազանից նոր վերադարձած լիներ։ Տնաշենը մեն-մենակ լիքը ոգևորությամբ էր լցրել ողջ սենյակը։ Միայն հասցրի բարևեմ։ Ավստրիական ինչ-որ ընկերության գնացքներ էր ուսումնասիրում։ Հենց աչքս ընկավ հաստափոր նյութի վրա, Ներսեսի հերթական էներջայզեր մարտկոցը միացավ։ Շատ արագ հոգնած ուղեղս մինչև պռունկը լցրեց սարերն այս կողմից ծակող ու մյուս կողմից դուրս եկող ժամանակակից գնացքների նրբություններով, տարբեր երկրների գնային համեմատականներով և այլն։ Չէի հասկանում՝ ինչի է խորացել գնացքների մեջ։ Հետո հասկացա։ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի և երկաթուղու կառուցման մի տաս տարբերակ էր կախած պատերին։ Բոլորի մանրամասներն էլ արագ մխեց գլուխս։ Հետո ավելի ոգևորվեց, ու սկսվեց մյուս գաղափարի մեկնությունն այն մասին, որ մայրուղին քիչ է, Երևանը շրջանցող ճանապարհներ էլ պետք, ու մի տաս տարբերակ պլակատներ էլ այդ թեմայով «մարսեցի»։ Մի պահ անուշադիր եղա, ու հիմա չեմ հիշում ինչպես արագ կարողացավ Մեղրու զարգացման ինչ-որ գաղափար կապել Գյումրու տեխնոլոգիական ներուժի հետ։ Միայն հիշում եմ, որ տրամաբանական թվաց։ Ու հետո մինչև գիշերվա ժամը 1-ը լիքը ուրիշ գաղափարներ լսեցի, որ «վերջին օրերին» էին ծնվել։ Հետո տենց... գիշերը դժվար քնեցի, ուղեղիս հնարավորություններից ավել ինֆորմացիա էի ներկրել։ Առավոտ Ներսեսի հասցեին մռմռթում էի։
Այս պատմությունը հիշեցի օրերս Երևանը շրջանցող ճանապարհներից մեկի բացման կադրերը դիտելուց։ Ու հիմա հասկացա։ Ներսեսի երազանքներն անընդհատ են ծնվում, բայց իրականանալու մեծ ներուժ ունեն։ Չեմ կասկածում՝ մի օր ավստրիական գնացքները ծակելու են «Թասի պավարոտների» շրջանցումը երկաթուղու համար, չեմ կասկածում, մի օր մարդիկ Երևանից 20 րոպեում աշխատանքի են գնալու Վանաձոր ու երեկոյան հետ վերադառնան տուն։ Հիմա մտածում եմ, ոնց անեմ՝ մի բան էլ իմ ուզածով երազի, որ կատարվի :)
Իսկ մենք միայն բիոզուգարանի աղավաղված պատմություն ենք անընդհատ ծամծմում, ու մենք մոռանում ենք ինչպես ծնվեցին երազները։ Սա հեչ լավ բան չի ապագա ներսեսներ կերտելու տեսանկյունից։ Հեչ լավ չի։