YN.am- գրում է.

Գագիկ Ծառուկյանի պերճախոս լեզվական ապարատը միանշանակ տիկին Նաիրա Զոհրաբյանն է, իսկ որ տիկնոջ լեզուն իսկապես ճարտար է, անգամ կասկած չկա: Դրա վկայությունն են նրա բազմազան հարցազրույցներն ու ելույթները, որոնցում գլխավոր թեման, իհարկե, պարոն Ծառուկյանն է: Ծառուկյանի սեփական լեզուն կարող էր նաև չլինել, նրա փոխարեն ամենը կասի տիկին Զոհրաբյանը: Ե՛վ գրագետ, և՛ ճիշտ կառուցված, և՛ հումորով ու հեգնանքով համեմված խոսք... եթե հաշվի չառնենք մի փոքրիկ հանգամանք. տիկին Զոհրաբյանն ուղղակի մոռանում է հետևել սեփական խոսքի իմաստի համապատասխանությանը իրականության հետ: Նշենք մի քանի դեպք.
Մեկ անգամ ԱԺ ելույթի ժամանակ տիկին Զոհրաբյանն ասաց. « 79-ից առնվազն 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ, երբ ընտրություն է, պիտի գնան որևէ խոշոր կուսակցության կցվեն փող ուզելու և տվյալ կուսակցության սատարելու համար»:
Հակափաստարկ. 2015թ.-ի ԲՀԿ-ի «հեղափոխական ու հակաիշխանական» շարժմանը ձուլվեցին բազմաթիվ կուսակցություններ: Անգամ դրանից առաջ՝ 2011թ.-ին ԲՀԿ միաձուլվեց Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: Նույն թվականին ԲՀԿ-ին միացավ նաև Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որի ղեկավարն էր այժմ բոլորիս հայտնի Վահան Բաբայանը, 2012թ.-ին ԲՀԿ-ին միացավ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը: Սա ընդամենը մի մասն է: Կարո՞ղ եք գուշակել, ինչը ստիպեց այս կուսակցություններին միանալ ԲՀԿ-ին: Այո՛, այն ինչ Ծառուկյան Գագիկն ունի ամենից շատ:
Մեկ այլ դեպք. 2016թ.-ի հունիսին ԱԺ իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մի քանի մենաշնորհ ունեցողներ այս դահլիճում նստած են: Եկեք անորսալի Ջոյի պատմությունը չսարքենք, դուք ասում եք՝ մեզ պետք են ոչ ստանդարտ գործիքներ: Որո՞նք են լինելու ձեր ոչ ստանդարտ լուծումներն անորասլի թվացող մենաշնորհատերերի դեմ պայքարում, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն»:

Հակափաստարկ 2. Երևի տիկին Զոհրաբյանն ազատ խոսեց մենաշնորհի թեմայով, որովհետև ՀՀ գլխավոր մոնոպոլիստներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, այդ պահին ԱԺ-ում չէր. ինչպես միշտ բացակա էր: Բոլորովին վերջերս՝ 2016թ-ի մայիսին «ՀԺ»-ն գրեց Ծառուկյանի խաղատների մենաշնորհի մասին՝ ներկայացնելով մանրամասն տվյալներ:
Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց. « Շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են երևի իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է, ուրեմն քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է և դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում»:

Հակափաստարկ 3. Բոլորովին վերջերս էր՝ հունիս ամսին, երբ տիկին Զոհրաբյանն ինքը վալերյանկայի կարիք ուներ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո: «Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես բամփել բառ եմ օգտագործել, խնդրում եմ, հանկարծ չհրապարակեք էդ բառը, խնդրում եմ, ջղայնացել ա»,- ասաց Փաշինյանը ի նկատի ունենալով վերոնշյալ տիկնոջը:

Սրանք միայն մի քանի դեպքեր են, որտեղ Նաիրա Զոհրաբյանի խոսքն ու իրականությունը չեն համընկնում:
Եվ վերջում, ինչպես ասել է Նիկոլը՝ «տիկին Զոհրաբյան, զգո՛ւյշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, բառապաշարը ճշտեք, ախր չափերը խախտում եք»: