Արագածոտնի մարզի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ 68-ամյա Զվարթ Վարդումյանը 1991 թվականից աշխատել է որպես Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2013 թվականից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Զ.Վարդումյանը պաշտոնատար անձի կնոջը 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ին ձուակերպել է որպես աշխատանքի ուսուցման ուսուցչուհի ու հատկացրել 7 դասաժամ։ Իրականում վերջինս աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա փոխարեն այդ դասաժամերն անցկացրել է մեկ այլ ուսուցչուհի։

Այդուհանդերձ, դպրոցի տնօրենը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Իրինդ համայնքի Մ.Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցի 2009-2013թթ. տարիֆիկացիոն ցուցակներում կեղծ տեղեկություններ ու գրառումներ է մտցրել՝ պաշտոնատար անձի կնոջ աշխատանքի ներկայանալու վերաբերյալ ու հաստատել դրանք: Ըստ քննության տվյալների՝ դուրս գրված աշխատավարձերն ստացել է այն ուսուցչուհու ամուսինը, ով իրականում անցկացրել է դասաժամերը։

Զ.Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել ու ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ու քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է դատարան: